Կանադացի երգիչ, միլիոնավոր դեռահասների կուռք Ջասթին Բիբերի այցելությունը նացիզմի ամենահայտնի զոհերից մեկի՝ Աննա Ֆրանկի ամստերդամյան տուն-թանգարան վերածվել է սկանդալի. հուշամատյանում արված գրառման մեջ երգիչը հույս է հայտնել, որ եթե Աննան ապրեր մեր օրերում՝ կլիներ իր երկրպագուն: Նման հայտարարությունը բուռն քննարկվել է Ֆեյսբուքում և առաջացրել բազմաթիվ օգտատերերի վրդովմունքը:
Տուն-թանգարանը բացվել է 1960թ. Ամստերդամում՝ 1945թ. Բերգեն-Բելզեն քաղաքի համակենտրոնացման ճամբարում սպանված 15-ամյա Աննայի հիշատակին:
«Աննան հրաշալի աղջիկ էր: Հուսով եմ՝ նա կլիներ բիբերուհի (երգչի երկրպագու)», – գրել է երիտասարդ կատարողը:
Ի պատասխան՝ ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր հանդես են եկել Ջասթինի խիստ քննադատությամբ:
«Չնայած Աննա Ֆրանկի ողբերգական ճակատագրին՝ նա (Բիբերը) մտածում է միայն իր մասին», – գրել է օգտատերերից մեկը թանգարանի ֆեյսբուքյան էջում:
«Բիբերը իրավունք չուներ նման բան ասելու», – արձագանքել է մյուսը:
Որոշ մարդիկ, այդուհանդերձ, պաշտպանել են երիտասարդ երգչին:
«Շատ խիստ եք դատում, մի՛ մոռացեք, որ նա երեխա է, որը փորձում է գտնել կյանքի իր ուղին», – գրել է մեկ այլ օգտատեր:
Թանգարանի աշխատակիցները նույնպես պարսավելի որևէ բան չեն գտել երգչի խոսքերում:
Ներկայում Բիբերը շրջագայում է աշխարհով մեկ՝ ներկայացնելով իր Believe ալբոմը: