Amazon-ը տարեցների համար խանութ է գործարկել

Ամերիկյան Amazon ընկերությունը նոր օնլայն խանութ է գործարկել` Amazon Seniors (Amazon 50+), որը նախատեսված է մեծահասակ և տարեց մարդկանց համար, հաղորդում է TechCrunch-ը:

Ընկերությունը փորձել է հնարավորինս կոռեկտ նկարագրել Amazon Seniors-ի լսարանը. այն է` «50 տարեկանից բարձր ակտիվ և առողջ կյանք վարող մարդկանց համար»: Ելնելով այս անվանումից` կարելի է հետևություն անել, որ նոր ծառայությունը կենտրոնացած է «առողջ» ապրանքների, օրինակ սննդամթերքի, ֆիտնեսի համար անհրաժեշտ պարագաների, անձնական հիգիենայի պահպանման, բժշկական ապրանքների վաճառքի ուղղությամբ:

Կայքում ներդրված է նաև ապրանքների առաքման համակարգ, որին կարելի է բաժանորդագրվել: Համակարգի միջոցով պատվեր կատարելու դեպքում տրամադրվում է 15% զեղչ:

Հատկանշական է, որ Amazon 50+-ը ոչ միայն էլեկտրոնային խանութի դեր է կատարում, այլև պատվերների վերաբերյալ խորհրդատվական ծառայություն է տրամադրում:

Հատկանշական է, որ Jupiter Research հետազոտական ընկերության տվյալների համաձայն` ԱՄՆ-ի 195 մլն ինտերնետ օգտագործողների մեկ երրորդը 50-ից բարձր անձինք են:

Մեկնաբանել