Ֆրանսիայի կառավարությունում ամենահարուստը արտգործնախարարն է

Ֆարնսիացի նախարարները, ինչպես նաև վարչապետ Ժան Մարկ Էրոն պատմության մեջ առաջին անգամ տվյալներ են հրապարակել իրենց կարողության մասին՝ տեղադրելով դրանք կառավարության կայքում, հաղորդում է Euronews-ը։ Այսպիսով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձել է պատասխանել մեղադրանքներին, թե իր կաբինետը կազմված է այսպես կոչված «հարուստ ձախերից» (gauche caviar)։

Պարզվել է՝ կառավարության անդմաներից ամենահարուստը Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն է, որն իր կարողությունը գնահատել է €6 մլն։ Այս գումարի մեծ մասը՝ (€3,9 մլն) կազմում է անշարժ գույքը Փարիզում և նրա արվարձաններում։

Քիչ ավելի նվազ հարուստ է ծերերի հարցերով նախարար Միշել Դելոնեն։ Նա իր կարողությունը գնահատել է €5,6 մլն։ Ինչ վերաբերում է վարչապետ Էրոյին, ապա նրա կարողությունը հավասար է €1,55 մլն-ի։

Միաժամանակ՝ շատ նախարարներ մատնանշել են ակտիվների շատ ավելի համեստ ծավալներ։ Ընդ որում՝ հարկ է հաշվի առնել, որ կառավարության անդմաներից ոչ մեկը պարտավորված չի եղել մատնանշել իր կնոջ/ամուսնու կամ մերձավոր այլ հարազատների կարողությունները։

Օրինակ՝ ֆինանսների նախարար Պիեր Մոսկովիսին ունի €270 հազ․, որի մեծ մասը կազմում է բնակարանը Մոնբելյարում՝ երկրի արևելքում։ Իսկ ներքին գործերի նախարար Մանուել Վալսը նշել է, որ իր ընթացիկ հաշվին կա ընդամենը €108։

Անցյալ տարի իր կարողության վերաբերյալ հաշվետվություն էր ներկայացրել նախագահ Օլանդը՝ տեղեկացնելով, որ ունի €1,17 մլն-ի ունեցվածք։ Ինչպես հաղորդում է բրիտանական Financial Times պարբերականը, առաջիկայում նա ծրագրում է խորհրդարանում անցկացնել օրենք, որը քաղաքական բոլոր գործիչներին կպարտավորեցնի պարբերաբար հաշվետվություն ներկայացնել իրենց եկամուտների մասին։

Ֆրանսիայում պետական ծառայողների եկամուտների բացահայտման արշավը սկսվեց բյուջեի հարցերով նախկին նախարար Ժերոմ Կայուզակի շուրջ ծագած սկանդալից հետո։ Նա խոստովանեց, որ Շվեյցարիայում ունեցել է €600 հազ-ի գաղտնի հաշիվ, որից միջոցները հետագայում տեղափոխել են Սինգապուր։ Կայուզակն ի սկզբանե հերքում էր մեղադրանքները, սակայն ավելի ուշ զղջաց և ներողություն խնդրեց ֆարնսիացիներից։

Մեկնաբանել