Գյումրիի քաղաքապետարանին դատի են տվել

Ավագանու նիստի օրակարգը հաստատելուց հետո ապրիլի 16-ին քննարկվել է Գյումրիի այս տարվա բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքը, հաղորդում է Galatv.am-ը: Զեկուցողը` քաղաքապետարանի ֆինանսների վարչության պետ Լենա Ջիլավյանը, ներկայացրել է բյուջեի մուտքերն ու ծախսերը: Եկամուտների հավաքագրում առաջին եռամսյակում 100 տոկոսով չի կատարվել, պատճառը սոցիալական խնդիրներն են: Անդրադարձ է կատարվել նաև քաղաքապետարանի ունեցած պարտքերին:

Նշվել է, որ աշխատավարձային պարտքերի մեծ մասը մարվել է արդեն: Իսկ «Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպությունը, որը Գյումրիում փողոցաշինական աշխատանքներ է իրականացրել, դատի է տվել Գյումրիի քաղաքապետարանին` կազմակերպությանն ունեցած աշխատավարձային պարտքերը չվճարելու համար: «Սա այն կազմակերպությունն էր, որին, ինչպես ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում պարզվեց, քաղաքապետարանը պարտք չունի, հիմա դատի են տվել քաղաքապետարանին»,- նշել է Լենա Ջիլավյանը:

Արդեն մի քանի ամիս է` նշված ընկերության աշխատակիցները Գյումրիի քաղաքապետարանից պահանջում էին վճարել նախորդ ամիսներին Գյումրիում կատարած ասֆալտապատման աշխատանքների դիմաց:

Մի քանի անգամ բանվոր-շինարարները նաև բողոքի ակցիա են կազմակերպել Գյումրիի քաղաքապետարանի դիմաց, հանդիպում պահանջել Սամվել Բալասանյանի հետ: Սակայն քաղաքապետարանից շարունակում են պնդել, թե փաստաթղթային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքապետարանը նրանց գումար պարտք չէ: