Sony-ն գործարկել է աշխարհի ամենաարագ ինտերնետը

Ապրիլի 16-ին հայտնի է դարձել, որ էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերությունը So-net Entertainment ինտերնետ պրովայդերի միջոցով գործարկել է Ճապոնիայի ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցը` Nuro, որն ապահովում է ինտերնետի բեռնման մինչև 2 Գբտ/վրկ արագություն, հաղորդում է Mashable-ը:

Տվյալների ներբեռնման արագությունը կազմում է 1 Գբտ/վրկ: Nuro-ից օգտվելու հնարավորություն ունեն մայրաքաղաք Տոկիոյի և մոտակա 6 պրեֆեկտուրաների բնակիչները: Հատկանշական է, որ գերարագ ինտերնետի ամսական վճարը մոտ $50 է:

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում գոյություն ունի Google Fiber անվանումով համանման նախագիծ, որն աշխատում է փորձնական ռեժիմով: Որպես բազա ընտրված է Կանզաս Սիթին, որի տարածքում ապրող 600 հազ. բնակչի համար ստեղծվել է նոր սերնդի օպտիկական ցանց: Ամսական $120-ի դիմաց բաժանորդին տրամադրվում է 1 Գբտ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ, Fiber-TV և Nexus 7 պլանշետ:

Նշենք, որ Google-ի սահմանած արագությունը որոշակի իմաստ ունի. համակարգիչներում ներկառուցված ցանցային սարքավորումների մեծ մասն ունի 1 Գբտ/վրկ արագության սահմանափակում: Այդպիսով` հասարակ օգտագործողների մեծ մասը չի կարողանա օգտագործել Nuro-ի ամբողջական ներուժը:

Մեկնաբանել