Գյուլը կայցելի Մուշ և Բինգյոլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ապրիլի 18-19-ին կայցելի Մուշ և Բինգյոլ, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Այցը պայմանավորված է Թուրքիայում սկսված թուրք-քրդական հաշտեցման գործընթացով: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այս այցով Գյուլը ցանկանում է հաշտեցման գործընթացում ներգրավել հասարակության լայն շերտերին:

Մուշում և Բինգյոլում հասարակական տարբեր կազմակերպություների հետ հանդիպումներից բացի` Թուրքիայի նախագահը կայցելի քուրդ զինյալների դեմ մարտերում զոհվածների հարազատներին:

Հարավարևելյան քրդաբնակ այս շրջաններ այցելությունը Գյուլը սկսել էր դեռ 2010թ., երբ Թուրքիայում քրդական հարցի մեղմման համար հռչակվել էր «դեմոկրատական նախաձեռնություններ» ծրագիրը: Վերջինի ձախողումից հետո Գյուլը դադարեցրել էր այցելությունները: Ակնկալվում է, որ Մուշից և Բինգյոլից հետո Գյուլը կայցելի հարավարևելյան այլ շրջաններ ևս:

Մուշ այցելած Թուրքիայի վերջին նախագահը Քենան Էվրենն է. նա այնտեղ եղել է 1984թ.: