Երկաթուղում անցկացվում է գծի և շարժակազմի գարնանային զննումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցկացվում է գծի, ենթակառուցվածքի և շարժակազմի գարնանային զննումը, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից: Զննումն իրականացնում է ղեկավարության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ:

Ապրիլի 1-ից մինչև մայիսի 20-ը երկաթուղում կանցկացվի գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի սարքավորումների զննումը:

Զննման նպատակն է գծային տնտեսության ուսումնասիրումը, բացահայտված բացթողումների վերացումը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստումը:

Գարնանային զննման ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվելու երկաթուղու այն հատվածներին, որտեղ սահմանափակվել է գնացքների երթևեկության արագութունը, և գծի առողջացման ծրագրերի իրականացմանը:

Բացի այդ ապրիլի 15-ից մինչև մայիսի 31-ը կանցկացվի լոկոմոտիվների և շարժիչավագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին, օդափոխության համակարգի աշխատանքին: