ՄԱԿ-ը և ՀՀ կառավարությունն աջակցում են Երևանի կանաչապատմանը

Ավելի քան 420 ծառ է տնկվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, կառավարության, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության կողմից ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Էյ Թի Փի» Բարեգործական հիմնադրամի («Հայաստան ծառատունկ» ծրագիր) կողմից Ավան վարչական շրջանում կազմակերպված ծառատունկի ժամանակ, հաղորդում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Ծառատունկը կազմակերպվել էր Երկիր մոլորակի օրվա և Ջրային համագործակցության միջազգային տարվա շրջանակում:

«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ապրելու ապահով և առողջ միջավայրում, և մեր պարտականությունն է պաշտպանել շրջակա միջավայրը: Ահա թե ինչու բնական ռեսուրսների պաշտպանությունն ու տևական օգտագործումը միանգամայն անհրաժեշտ են և հանդիսանում են Հայաստանում ՄԱԿ-ի կենտրոնական նպատակներից մեկը»,- ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշել է, թե Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում անտառների պաշտպանությանը:

«Ավելի կարևոր գործ չկա, քան ՀՀ կառավարության, իր գործակալությունների և ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, որը նպատակ ունի բարելավելու Հայաստանի շրջակա միջավայրը»,- իր հերթին ասել է «Հայաստան ծառատունկ ծրագրի» գործադիր տնօրեն Թոմաս Գարաբեդյանը:

«Հայաստան ծառատունկ ծրագիր»-ը ոչ առևտրային ծրագիր է` հիմնված ԱՄՆ-ում և Հայաստանում, իրականացնում է բնապահպանական ծրագրեր Հայաստանի աղքատացած և անտառազուրկ տարածքներում:

Մեկնաբանել