Չնայած Թուրքիայի ճնշմանը` Կանադայում «Մարդու իրավունքների համար» թանգարանը կկազմակերպի Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն

2014թ. Կանադայի «Մարդու իրավունքների համար» թանգարանում կբացվի «Ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինի բաժինը, որում նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն կլինի, հաղորդում է «Ակօսը»:

Բաժնում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարներ, ինչպես նաև փաստաթղթեր: Թուրքիան սակայն արդեն սկսել է ճնշումներ գործադրել և շանտաժի ենթարկել Կանադայի կառավարությանն ու թանգարանի տնօրինությանը` բացառելու թանգարանում Հայոց ցեղասպանության նվիրված ցուցադրությունը:

Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալըն նախազգուշացրել է Կանադայի կառավարությանը, որ ցուցադրության բացումը բացասաբար է ազդելու երկու երկրների հարաբերությունների վրա: Դեսպանն ասել է, որ դա կվնասի թուրք-կանադական տնտեսական հարաբերություններին` ակնարկելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները հետագայում $2,5 մլրդ-ից կարող են հասնել $10-15 մլրդ-ի:

«Թուրքերի կողմից հայերի կոտորածները Ցեղասպանություն որակելը կարող է վնասել Կանադայի և Թուրքիայի շահավետ առևտրական հարաբերություններին, սակայն «Մարդու իրավունքների համար» թանգարանը մտադիր չէ 1,5 մլն հայերի կոտորածը Ցեղասպանությունից բացի մեկ այլ անունով կոչել»,- ասել է Կանադայի «Մարդու իրավունքների համար» թանգարանի շահառուների հարաբերությունների ղեկավար Քլինտ Քըրլը` ի հեճուկս Անկարայի ճնշումներին: Նա նաև վստահություն է հայտնել է, որ թանգարանը չի հրաժարվելու Ցեղասպանությանը նվիրված ցուցադրության գաղափարից:

Թեմային անդրադարձել է նաև Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միությունը` ողջունելով թանգարանի խիզախ ու սկզբունքային կեցվածքը:

Կանադայում մարդու իրավունքների համամարդկային թեմայի ընկալման և փոխկապակցված այլ հարցերի մասին Քլինտ Քըրլի հարցազրույցը ՍիվիլՆեթին կարելի է դիտել այստեղ: