ԿԲ-ն փորձում է նպաստել դրամով վարկավորմանը

Ապրիլի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել պարտադիր պահուստավորման դրույքը դրամային պարտավորությունների դիմաց և սահմանել այն 4%՝ գործող 8%-ի փոխարեն:

ԿԲ-ի հաղորդագրության համաձայն՝ խորհուրդը գնահատում է, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունում վարկերի միջոցով իրականացված ներդրումներն ուղղվել են առավել արտադրողական` արդյունաբերության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության ճյուղեր: Արտադրողական ճյուղերին տրամադրվող վարկերը, ի տարբերություն պահանջարկը խթանող վարկերի՝ հանգեցնում են ՀՆԱ-ի ներուժի աճի և չեն ձևավորում գնաճային ճնշումներ: «Խորհուրդը կարևորում է նման վարկային ներդրումների մեջ դրամով վարկերի տեսակարար կշռի ավելացման անհրաժեշտությունը: Դրամով պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի բանկերի մոտ դրամով ազատ դրամական միջոցների աճին, կնվազեցնի դրամով միջոցների ներգրավման ծախսատարությունը, կբարձրացնի ազգային արժույթով դրամական միջոցների հասանելիությունը»,- ասված է հաղորդագրությանում:

Խորհուրդը կարծում է, որ այս փոփոխությունն իր հերթին կխթանի բանկերի կողմից ՀՀ դրամով վարկերի առաջարկը և պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը՝ նպաստելով շուկայական տոկոսադրույքների նվազմանը: «Այս քայլով կենտրոնական բանկը տնտեսության համար ավելի դյուրին պայմաններով վարկերի նկատմամբ պահանջարկի բավարարմանը զուգահեռ կիրականացնի ապադոլարայնացման հերթական միջոցառումը»,- նշված է հաղորդագրությունում:

Նշենք, որ ԿԲ-ի որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 12-ից։