ԱԱԾ-ն Վ. Սեդրակյանին նոր մեղադրանք է առաջադրել

Ազգային անվտանգության ծառայությունը նոր մեղադրանք է առաջադրել նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին` Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան գրառման համաձայն` մեղադրանքն առաջադրվել է 2013թ. ապրիլի 16-ին:

38-րդ հոդվածը սամանում է, որ`

1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:

2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:

3. Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք:

4. Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու՝ համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:

5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցներն ու գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:

Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2013թ. մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Վարդան Սեդրակյանին: Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով: