Washington Post-ը՝ Բոստոնի պայթյունների մասին

Ապրիլի 15-ի գիշերը Բոստոնում մարաթոնյան վազքի վերջնագծի մոտ որոտացել է երկու պայթյուն, զոհվել է երեք մարդ, ավելի քան հարյուրը վիրավորվել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը վարում է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Դիտարկվում է ահաբեկչության վարկածը։ Բոստոնի պայթյուններն անմիջապես հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Անմասն չի մնացել նաև Washington Post-ը։

Մեկ տասնամյակ շարունակ ահաբեկչությունները հաջողվում էր կանխել, սակայն ապրիլի 15-ին ԱՄՆ-ը վերապրեց մասշտաբային առաջին պայթյունները 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո. ամսաթիվ, որ բացեց անվտանգության նոր դարաշրջան ու ազդեց ԱՄՆ-ում կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա, գրում է Washington Post-ը։

Նախագահ Բարաք Օբաման Բոստոնի պայթյունները ահաբեկչության դրսևորում չանվանեց, սակայն Սպիտակ տան ներկայացուցիչը, խոսելով գաղտնիության պայմանով, հայտարարեց, որ այս դեպքը «ահաբեկչություն» է, նշում է պարբերականը։ Ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպության նախկին աշխատակցի կարծիքով՝ Բոստոնի հարձակումը չուներ «Ալ Կաիդայի» ոճով համակարգված ահաբեկչությանը բնորոշ հատկանիշներ։

ԱՄՆ-ի տարածքում զանգվածային վերջին ահաբեկչությունը իրականացրել էր մայոր Նադալ Հասանը՝ սպանելով 13 և վիրավորելով 30 մարդու Fort Hood բազայում 2009թ., հիշեցնում է Washington Post-ը։ «Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո տեղ են գտել նաև պայթյունների անհաջող կամ կանխված մի շարք փորձեր»,- նշում է պարբերականը։

Պարբերականը հիշեցնում է «Ալ Կաիդայի» անդամի՝ 2009թ. սեպտեմբերին նյույորքյան մետրոպոլիտենում պայթյունի կանխված փորձը և մարդկանց տարհանումը Թայմս սքուերից Պակիստանի ու ԱՄՆ-ի քաղաքացի Ֆայսալ Շահզադի՝ պայթուցիկով բեռնված մեքենայի հայտնաբերումից հետո։

«Բոլորն անմիջապես հիշում են սեպտեմբերի 11-ը։ Եվ բոլորի մտքում մի բան է՝ իմանալ, որտեղ է ընտանիքը, որտեղ են ընկերները»,- ականատեսների խոսքը մեջբերում է պարբերականը։

Մեկնաբանել