Չինաստանն առաջին անգամ բացահայտել է իր զինված ուժերի կառուցվածքը

Չինական լրատվամիջոցները վստահեցնում են, որ երկրի կառավարությունն առաջին անգամ տեղեկատվություն է հրապարակել զինված ուժերի կառուցվածքի մասին, հաղորդում է BBC-ն։

Ըստ փաստաթղթի, որը հրապարակել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, երկրի ցամաքային զորքերում ծառայում է 850 հազ․ մարդ, ռազմածովային ուժերում՝ 235 հազ․ մարդ, ռազմաօդային ուժերում՝ 398 հազ․ մարդ։

Փաստաթղթում խոսվում է նաև այսպես կոչված Չինաստանի «երկրորդ հրետանու» դերի մասին, որի մեջ մտնում են ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը։ Փաստաթղթի հեղինակների խոսքով՝ այս ուժերը կենսական նշանակություն ունեն ռազմավարական զսպման հարցում և պատասխանատվություն են կրում այլ երկրների՝ Չինաստանի դեմ միջուկային զենքի կիրառման զսպման, ինչպես նաև միջուկային հակահարվածների համար։

Չինաստանի զինված ուժերը ներառում են 18 զորամիավորում յոթ ռազմական շրջաններում, ռազմաօդային ուժերը բաժանված են նույն յոթ շրջանների։ Երկրի ռազմածովային ուժերը կազմված են երեք նավատորմից։

2012թ․ Չինաստանի ռազմական բյուջեն աճել է 11,2%-ով՝ գերազանցելով $100 մլրդ-ը։

Չինաստանի պաշտպանության նախարարության փաստաթուղթը նաև քննադատում է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը ինչպես վստահեցվում է, հանգեցրել է լարվածության ուժեղացման։

Մեկնաբանել