Բակո Սահակյանը պետական պարգև ու կոչումներ է շնորհել և շնորհավորել ոստիկաններին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է ոստիկաններին ու համակարգի վետերաններին և պետական պարգև ու կոչումներ շնորհել մի խումբ անձանց. տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Իր խոսքում Նախագահը կարևորել է ոստիկանության դերակատարությունն արցախյան պետականաշինության գործում` նշելով, որ համակարգի գործուն մասնակցությամբ է նաև մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, հասարակական կարգն ու կանոնը, անվտանգությունն ու կայունությունը, քաղաքացիների շահերն ու մարդու իրավունքները:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջև ծառացած խնդիրները եղել են և կմնան պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ոստիկանության գնդապետի կոչում է շնորհվել ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մհեր Պողոսյանին, ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վազգեն Զաքարյանին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վալերի Գրիգորյանին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

Մեկնաբանել