Ամեն ինչ նախօրոք պլանավորված էր. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն»-ում նախապես ծրագրվում են քայլերը, և մենք տեղյակ էինք ապրիլի 9-ի գործընթացին ամենայն մանրամասնությամբ. նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման շրջանակում: Ըստ նրա՝ մամուլը բազմաթիվ ոչ ճշգրիտ տեղեկություններ է հրապարակում, և դրանց շարքին են պատկանում այն լուրերը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները տեղյակ չեն եղել նրա քայլերին, և ինքը միանձնյա կամ իր որդու՝ Կարինի հետ է ամեն առավոտ որոշել օրվա անելիքը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա այցին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ տեղյակ չէ, և պարտադիր էլ չէ, որ տեղյակ լինի, թե ինչ նպատակով և ում հետ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղ, սակայն հավաստեց, որ այցը նրա նախորդ օրվա «Գնում եմ Մոսկվա, որ հայ ժողովրդի հաղթանակը Պուտինից բերեմ» խոսքի շրջանակում է եղել:

Բաղրամյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդ երթի մասին խոսելով՝ նա նշեց. «Ամեն ինչ նախօրոք պլանավորված էր: Ի՞նչ եք կարծում, մենք այդ պահի՞ն էինք գնացել ու առել այդ մոմերը, որ բաժանեցինք ժողովրդին: Մենք Բաղրամյանով պիտի գնայինք Ծիծեռնակաբերդ: Բայց փողոցը փակեցին, քանի որ վախեցան, որ կգրոհենք նախագահականը»: Մարտիրոսյանը դիտարկեց, որ առավել տրամաբանական կլիներ, որ իրենց ճանապարհը փակող ոստիկանները գնային-շրջապատեին նախագահականը:

Երևանի ավագանու ընտրություններում, ըստ Արմեն Մարտիրոսյանի, «Բարև Երևան» դաշինքը մեծ թվով ձայներ է ստանալու, և միակ մտահոգությունը մնում է այն, թե «որքան կկեղծեն»: Կադրային քաղաքականությունը, իր խոսքով, «Ժառանգություն»-ում կազմակերպվում է առավել բաց, քանի որ «այն անձնակենտրոն կուսակցություն չէ»:

Մեկնաբանել