Իրավական համակարգում ամենաողբալին ոստիկանների վիճակն է. Ս.Աբրահամյան

Ես էդպես էլ միլիցա մնացի, ոստիկան չդարձա. «Ա1+»-ի «Այբ-Ֆե»-ի հետ հեռախոսազրույցում կատակով նշեց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Շնորհավորելով իր գործընկերներին ոստիկանության օրվա առթիվ՝ նա նշեց, որ իրավական համակարգում սոցիալական առումով ամենաողբալին ոստիկանների վիճակն է. «Ուզում եմ, որ այս տարի նրանց և դատախազների աշխատավարձերի տարբերությունը կրճատվի՝ հօգուտ ոստիկանների»,- մաղթեց նա:

Ըստ նրա՝ ոստիկանությունը վակուումի մեջ չի գործում: «Ոստիկանության ընդհանուր գնահատականը կախված է ընդհանուր իշխանական համակարգի բնույթից: Մեկ օրում, մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում ամբողջ համակարգի նկատմամբ այս նիհիլիզմը փոխել հնարավոր չէ: Այսօր ոստիկանության մասին ոստիկանապետն ավելի զուսպ է իր գնահատականներում, քան՝ էդ կենաց ասողները»,- նշեց նա:

Անդրադառնալով ապրիլի 9-ին՝ հանրահավաք երթի պայթյունավտանգ պահին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործելակերպին՝ նա նշեց. «Ոստիկանապետն իր գործողություններով բավական օրիգինալ և ճիշտ լուծում տվեց, ես զուտ մասնագիտական, ոչ քաղաքական գնահատական եմ տալիս»:

Ոստիկանության և ԱԱԾ-ի միացման մասին լուրերին անդրադառնալով՝ Աբրահամյանը նշեց, որ այդքան լիազորություններ ունեցող մարդը (այդ նորաստեղծ մարմնի ղեկավարը) կարող է հասարակության ու պետության գլխին իրական չարիք դառնալ: «Նման քայլի գնալ չի կարելի»,- ընդգծեց նա:

Լուսանկարը՝ «Առավոտ»-ի