Փետրվարի 18-ին հաջորդող պրոցեսը քաղաքական առումով բովանդակազուրկ էր. Ա.Մուսինյան

Փետրվարի 18-ին հաջորդող պրոցեսը քաղաքական առումով լիովին բովանդակազուրկ գործողությունների շարք էր. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց Հայ ազգային կոնգրես կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը: «Դա քաղաքական պրոցես չէր,- ասաց նա:- Նորից եմ ասում, մենք համագործակցում ենք քաղաքական ուժերի հետ»:

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, ըստ Մուսինյանի, ՀԱԿ-ը համագործակցության հեռանկար է տեսնում ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և մի շարք այլ քաղաքական ուժերի հետ, ովքեր և հրավիրված էին ՀԱԿ-ի համագումարին: «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կարող է իր մեջ գտնել այդ ներուժը, որ դառնա մեծ գործոն մեր ներքաղաքական կյանքում, և ես ուրախ կլինեմ, եթե մեր համագործացությունը ստացվի»,- ասաց նա:

«ՀԱԿ-ի դեպքում քննադատության թիրախն է իշխանությունը: Ես հուսով եմ, որ դա այդպես է նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի դեպքում»,- նշեց Մուսինյանը՝ դիտարկելով, որ այս երեք ուժերի միավորմամբ Երևանի ավագանու ընտրություններին վերահսկողություն իրականացնելը կարող է մեծապես կրճատել ընտրախախտումների հնարավորությունը: «Քաղաքը պետք է խլել հանրապետականի և Սերժ Սարգսյանի ճիրաններից,- ասաց նա,- եթե մեզնից ամեն մեկը իր տեղը պահի, ապա հանրապետականը ջախջախիչ պարտություն կկրի, և կշահենք բոլորս: Դա լուրջ հակակշիռ կստեղծի»:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ կուսակցության նախագահ ընտրվելու փաստին՝ Մուսինյանն ասաց. «Տեր-Պետրոսյանի կշռի քաղաքական գործիչ չկա, և ով էլ առաջադրվեր, զիջելու էր նրան»: