Հարկային մահակը՝ աճի խոչընդոտ

2013թ. առաջին եռամսյակը ԼՂՀ հարկային պետական ծառայությունը գերակատարել է իր առջև դրված հավաքագրման պլանը 3,2 տոկոսով: Սա պաշտոնական հաղորդագրություն էր, որը հաճախ կարելի է հանդիպել Արցախում: Հարկային ծառայությունը բնակչության մոտ ամենաշատ բողոքներ առաջացնող պետական գերատեսչությունն է: Գործարարությամբ զբաղվողները հատկապես բողոքում են հարկային ծառայության կողմից հաճախակի կիրառվող տուգանքներից: Տուգանքների մեծությունը որպես կանոն անտրամաբանական է: Նման գործելակերպը թույլ չի տալիս տնտեսության ծավալների մեծացում ու արգելակում է տնտեսական աճը:

Խանութի տերը, որն ունի թեթև խնայողություններ և նպատակ ունի ընդարձակել իր տարածքը կամ փոքրիկ արտադրություն հիմնել, հարկայինի նման քաղաքականության պատճառով կարող է հրաժարվել իր նպատակներից: Տուգանքների հաճախակի կիրառումը հետ է պահում ձեռնարկատերերին ընդարձակվելու ցանկությունից՝ հետևաբար նոր աշխատատեղ և հավելյալ համախառն ազգային արժեք ստեղծելուց: Սա դեռևս բարենպաստ վիճակներ են:

Հարկային նման գործելաոճը ներդրումների համար աննպաստ դաշտ է ստեղծում: Հարկային այդ վերաբերմունքին արժանանում են թե՛ փոքր, թե՛ համեմատաբար խոշոր տնտեսվարողները: Շատ քչերն են դատարանում բողոքարկում հարկայինի գործողությունները, սակայն հաջողված օրինակներ էլ կան: Որպես կանոն՝ Արցախի հարկայինը տուգանքների համար որևէ խոշոր թիվ է ներկայացնում, ապա սակարկման միջոցով իջեցնում այդ թիվը:

Ի՞նչ շահ ունի հարկային ծառայությունը տնտեսության զարգացումն այս ձևով արգելակելու համար: Սրա պատճառները երկուսն են՝ քաղաքական և զուտ մերկանտիլիստական: Մասնավոր հատվածի զարգացումը, կայացած միջին դասի առկայությունը ամենամեծ սպառնալիքն է համընդհանուր հսկողություն սահմանելու միջոցով իշխանություն պահող վերնախավի համար: Խորհրդային մտածողությամբ առաջնորդվող էլիտաներն իշխանության մասին այլ պատկերացումներ չունեն, քան սահմանել համընդհանուր հսկողություն, իրենցից կախյալ վիճակի մեջ դնել բոլորին՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացողներին, մասնավոր հատվածին և հողօգտագործողներին: Քանի դեռ այս վերնախավն է իշխում Արցախում, հարկային ծառայությունը շարունակվելու է օգտագործել որպես մահակ՝ ընդդեմ ազատ քաղաքացու առաջացման:

Մերկանտիլիստական շահերն արտահայտվում են ավելի շատ գումարներ հավաքելու մեջ: Գումարները հայտնվում են բյուջեում՝ թույլատրելով կառավարությանն ավելի շատ ծախսեր անել՝ ապրանքներ և ծառայություններ գնել ֆիրմաներից: Դժվար չէ կռահել թե հատկապես ում պատկանող ֆիրմաներից է կառավարությունը գնումներ անում կամ պատվերներ տալիս:

Հարկային մահակն օգտագործելով՝ իշխանություններն իրենց համար ապահովում են քաղաքական և տնտեսական դիվիդենդներ: Տուգանքները թույլ են տալիս խոչընդոտել բիզնեսի մեծացումը, քաղաքացիների ձեռքին ազատ գումարներ հայտնվելուն, մյուս կողմից էլ այդ գումարները հայտնվում են Արցախը ղեկավարող մի քանի հոգու գրպաններում:

Այս դեպքում քննադատության բոլոր սլաքներն ուղղելը հարկայինի կամ այլ գերատեսչության դեմ ճիշտ չի լինի: Խնդիրը պետական կառավարման մասին իշխանությունների սխալ պատկերացումներն են: Ու քանի որ դրանք փոխելը գրեթե անհնար է, մնում է միայն մի ճանապարհ՝ փոխել իշխանություններին: