Բարեփոխումներ՝ դահիճների օգնությամբ

Երևանի ոստիկանապետի պաշտոնից Ներսես Նազարյանի ազատումը և նրա փոխարեն այդ պաշտոնում ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի նշանակումը մի շարք լրատվամիջոցներ շտապեցին որակել որպես ոչ միայն ոստիկանական, այլև ամբողջ պետական համակարգում սկիզբ դրվող հիմնարար բարեփոխում:

Փաստաբան Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքում գրառում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մասին, որը վերաբերում է Աշոտ Կարապետյանի անցած ուղուն: Գրառումը ներկայացված է առանց մեկնաբանությունների:

«17. Դիմողը հայտնում է նաև, որ … այն բանից հետո, երբ նրանք (դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ) լքեցին սենյակը (ոստիկանության տարածքում), մեկ այլ ոստիկան, Ա. Կ.-ը մտավ սենյակ և սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետև իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա. Կ.-ը շարունակում էր ձեռքերով և ոտքերով հարվածել իր (դիմողի) գոտկատեղից ներքև հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը: [….]

36. Իր 25/04/2004թ. ցուցմունքում դիմողը քննիչին հիվանդանոցում (ստացված վնասվածքների արդյունքում դիմողը ծանր վիրահատություններ էր տարել) հայտնել էր. «… (դիմողին տևական ժամանակ շարունակական խոշտանգումների ենթարկելուց հետո) որոշ ժամանակ անց (որոշ ոստիկաններ) դուրս եկան սենյակից, և ներս մտավ Ա.Կ.-ն (ես նրա անունն իմացա դեպքերից հետո այլ ոստիկաններից) և սկսեց ինձ հայհոյել՝ նպատակ ունենալով ինձ ստորացնել, երկու անգամ թքեց իմ վրա և ձեռքով հարվածեց ձվարաններիս: Այնուհետև նա մի քանի անգամ հարվածեց ոտնաթաթերիս, որից հետո դուրս եկավ: Գնալուց առաջ նա բանալիներով կրկին հարվածեց ձվարաններիս: Մինչ ինձ ծեծելը նա բոլորին հրամայել էր դուրս գալ սենյակից՝ ասելով, որ բռնանալու է իմ նկատմամբ: (Խոշտանգումները նույն դաժանությամբ շարունակվել են) …»: [….]

38. 27/04/2004թ. դիմողը կրկին հարցաքննվել էր քննիչի կողմից: Ի պատասխան այն հարցի, թե ինչ խոսակցություն էր ունեցել (Արտաշատի) ոստիկանության բաժնում, նա հայտնել էր, որ … միակ բանը, որ իրեն հարցնում էին, այն էր, թե ինչու էր նա մասնակցում ցույցերին և իր հետ տանում այլոց: … Իրեն ծեծելիս Ա.Կ.-ն իրեն հարցնում էր, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարներն էին իր հետևում կանգնած: Նաև հայտնել էր, որ Ա.Կ.-ն հրամայել էր իր ձեռքերը շղթայել և այդ վիճակում շարունակել էր ծեծը»:
Ա.Կ.= Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Վճիռ թիվ 40094/05 գործով
02/10/2012թ., Ստրասբուրգ, Virabyan v. Armenia»:

Մեկնաբանել