Կրկին էժան մետաղների վտանգ

Այս շաբաթվա բորսայական առևտրաշրջանի առաջին իսկ օրը ոսկու միջազգային գինը իջավ մինչև 2.5 տարվա մինիմումի: ԱՄՆ-ում այն մեկ օրվա ընթացքում իջավ 8.86%-ով՝ 1 տրոյական ունցիայի դիմաց 1350,98 դոլար: Ոսկու գների անկման և Հայաստանի վրա դրա հնարավոր հետևանքների մասին ՍիվիլՆեթը զրուցել է Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի հետ:

— Պարոն Վերդյան, որո՞նք են ոսկու գների նման ռեկորդային անկման պատճառները:

— Խնդիրները հետևալն են. սկսած այս տարվա սկզբից՝ ոսկու և արդյունաբերական մետաղների գները ցուցադրեցին բավական լավ, դրական դինամիկա, ինչի հաշվին դրանք կարողացան հասնել իրենց տարեկան, լոկալ մաքսիմումներին: Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը փոխվեց առաջին եռամսյակի երկրորդ կեսին, երբ ԱՄՆ-ի տնտեսության կայուն աճի տեմպերի ներքո և ֆոնդային շուկաների բավական կտրուկ և կայուն աճի ազդեցության տակ շուկայի մասնակիցների մոտ առաջացավ մտավախություն, որ ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը, վերջիվերջո, կարող է վաղաժամկետ կրճատել իր ընդլայնողական քաղաքականության ծավալները: Դա բավական կարևոր պատճառ էր, ինչի հաշվին շուկայում արդյունաբերական մետաղները, այդ թվում՝ թանկարժեք մետաղները, կորցրեցին իրենց գրավչությունը: Իհարկե, այստեղ սա կարելի է համարել կարևորագույն, հիմնական, ֆունդամենտալ գործոնը:

Պետք է հաշվի առնել նաև, որ շուկայում առկա են որոշակի դեֆլյացիոն ռիսկեր, ինչը նույնպես նպաստում է, մասնավորապես, ոսկու գների նվազմանը, քանզի ոսկին շուկայի մասնակիցների մոտ հիմնականում օգտագործվում է որպես ակտիվ, որով կարելի է հեջավորել որոշակի գնային ռիսկեր: Իսկ դրա բացակայության դեպքում արդեն իսկ նա կորցնում է իր գրավչությունը, և շուկայում, հետևաբար, մենք ականատես ենք լինում նվազման տենդենցի:

Ինչ վերաբերում է այս վերջին օրերի փոփոխությանը, մասնավորապես՝ ուրբաթ և երկուշաբթի օրերին արձանագրված կտրուկ անկմանը, այստեղ կարևոր է նշել, որ ապրիլի 15-ին Միացյալ Նահանգներում ուժի մեջ է մտնում Դոդի և Ֆրանկի օրենքի [Dodd Frank legislation] կետերից մեկը, որն ամերիկյան բանկերին արգելում է ձեռք բերել ապրանքային ֆյուչերսներ: Շատ կարևոր պատճառ է, որի ազդեցության տակ շուկայի հիմնական մյուս մասնակիցները սկսեցին մասսայականորեն կրճատել իրենց դիրքերը, և արդյունքում մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ շուկայում:

Կցանկանայի նաև նշել, որ երկուշաբթի օրվա ոսկու անկումը վերջին 30 տարիների ընթացքում հայտնի ամենամեծ օրական անկումներից մեկն էր, ինչը կազմեց 8,86%:

— Անկման տրենդը որքա՞ն կարող է շարունակվել:

— Կուզենայի նշել, որ երբ շուկայում ոսկու գներն անցան 1525 գնային մակարդակը, պաշտոնապես ճանաչվեց, որ շուկան «արջերի շուկա» է, այսինքն՝ ակնհայտ է, որ գոյություն ունի նվազող տենդենց, և դեռ չկան պատճառներ՝ ո՛չ ֆունդամենտալ, ո՛չ տեխնիկական պատճառներ՝ այս տենդեցի ավարտի հնարավորությունը նշելու համար: Այսինքն՝ այս տենդենցը նոր է սկսվել, և մենք գնահատում ենք այնպես, որ շուկան դեռ կշարունակի նվազել: Կարծում ենք, որ ոսկու շուկայում որոշակիորեն գները կկոնսոլիդացվեն 1280 գնային մակարդակի շուրջ:

— Ոսկու գները որքանո՞վ են փոխկապակցված մյուս մետաղների գների հետ, մասնավորապես՝ պղնձի, մոլիբդենի գների, որոնք Հայաստանի արտահանման հիմնական կետերն են:

— Իհարկե, ընդհանուր առմամբ՝ այդ ակտիվների միջև որոշակի կորելացիա կա: Ինչպես նշեցի, անկումը դիտվում է ոչ միայն թանկարժեք մետաղների, այլ նաև արդյունաբերական մետաղների շուկաներում: Երկուշաբթի օրը բավական կտրուկ անկում գրանցվեց նաև պղնձի շուկայում: Այստեղ պատճառները, որոնք նշեցինք, առաջին հերթին՝ ընդլայնողական քաղաքականության վաղաժամկետ կրճատման ռիսկերն են: Մյուս կողմից՝ խնդիրն այն է, որ շուկայում կան մտավախություններ պահանջարկի նկատմամբ, մասնավորապես այդ հումքի խոշորագույն օգտագործողների, հատկապես Չինաստանի կողմից: Չինաստանի տնտեսական աճի վերաբերյալ հրապարակված վերջին տվյալները ցույց են տալիս, որ աճի տեմպերը նորից սկսել են դանդաղել: Երկուշաբթի հրապարակվեց Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը՝ 7.7%, որը նախորդ՝ չորրորդ եռամսյակի նկատմամբ նվազել է: Միևնույն ժամանակ անկում է գրանցվել արդյունաբերության ոլորտում՝ նախորդ 9.9%-ի նկատմամբ՝ մարտին աճը կազմել է 9.5%:

Գնահատելով ապրանքահումքային շուկաները՝ ընդհանուր առմամբ մեր գնահատականները բացասական են: Մենք կարծում ենք, որ այս նոր զարգացող տենդենցները շարունակություն կունենան: Եթե նշենք գնային առումով, ապա կարծում ենք, որ պղնձի գները նույնպես կշարունակեն նվազել: Պահպանման մոտակա մակարդակը, որը կարող լինել, 6850 դոլարն է մեկ տոննայի դիմաց: Այդ մակարդակի անցման դեպքում, կարծում ենք, որ գները կնվազեն մինչև 6200 դոլար:

— Որևէ նշագիծ կա՞, որով կարելի է սահմանել՝ պղնձի արդյունահանումը Հայաստանում շահութաբեր մակարդակի վրա է, թե ոչ:

— Ընդհանուր առմամբ՝ հիմա մենք գտնվում ենք շահութաբերության շեմին: Կարծում եմ, որ պղնձի գների ապագա անկումը բավական լուրջ ազդեցություն կունենա մեր հանքարդյունաբերության ոլորտի վրա: Այս անկման առումով Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ, այսինքն՝ հասույթի կրճատում, ինչը կանդրադառնա նաև մեր ընթացիկ վճարային հաշվեկշռի վրա: Հնարավոր է՝ պակասուրդը ավելանա:

Պղնձի գների անկումը կարող է ազդեցություն ունենալ նաև դրամի փոխարժեքի վրա: Այս իրավիճակը բավական բացասական է, չնայած կան գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է որոշակիորեն գնային այս ռիսկերը կառավարել։ Դրանք բորսայական ժամկետային գործիքներն են՝ ֆյուչերսները, որոնց միջոցով մեր արտադրողները կարող են հեջավորել իրենց գնային ռիսկերը, որպեսզի մեղմեն հնարավոր բացասական ազդեցությունները:

Զրուցել է Կարեն Հարությունյանը

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ: