Ս. Սարգսյանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային ու մշակութային ավանդույթները:

Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են:

Կրկին շնորհավորելով ավանդական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»: