Ռուբեն Վարդանյանը վաճառել է «ԱվտոՎԱԶ»-ի իր 20,53% մասնաբաժինը

«Սբերբանկ CIB»-ի համանախագահ Ռուբեն Վարդանյանը «ԱվտոՎԱԶի» իր 20,53% մասաբաժինը վաճառել է նիդեռլանդական Alliance Rostec Auto-ին՝ «Ռոստեխ» պետական կորպորացիայի և Renault-Nissan դաշինքի համատեղ ձեռնարկությանը: Գործարքի արժեքը կարող է կազմել $600 մլն, հաղորդում է ռուսական «Վեդոմոստին»:

Ըստ «Ռոստեխի» ներկայացուցչի՝ Վարդանյանի մասնաբաժինը գնվել է 2012թ. դեկտեմեբերին «ԱվտոՎԱԶի» հիմնական բաժնետերերի միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա: Ըստ այդ փաստաթղթի՝ մինչ 2014թ. կեսերը Alliance Rostec Auto-ն կստանա ռուսական խոշորագույն ավտոարտադրողի նկատմամբ վերահսկողությունը: Ընդ որում՝ համատեղ ձեռնարկության վերահսկիչ փաթեթը կպատկանի Renault-Nissan-ին: Նրա մասնաբաժինը կկազմի 67,13% (ներակյում 52,66% է), որից՝ 50,1%-ը Renault-ին: «Ռոստեխի» մասնաբաժինը կլինի 32,87%՝ ներկայից 47,3%-ի համեմատ:

Մինչ 2012թ. ««ԱվտոՎԱԶի» 20,5%-ը վերահսկել է «Տրոյկա դիալոգը», որը 20 տարի ղեկավարել է Վարդանյանը: Գործարքից առաջ Վարդանյանը «Տրոյկա դիալոգից» հետ է գնել «ԱվտոՎԱԶ»-ում և «Կամազ»-ում մասնաբաժինները: Այս քայլի նպատակը, Վարդանյանի խոսքով, մասնաբաժինների գերարժեվորոււմ թույլ չտալը և լրացուցիչ բարդությունների կանխումն է:

Renault-Nissan-ի խոսքով՝բաժնետոմսերի դիմաց վճարումը փուլային կլինի՝ մինչև 2014թ. հունիս:

Ներկայում Alliance Rostec Auto-ին է պատկանում «ԱվտոՎԱԶի» հիմնադիր կապիտալի 74,5%-ը:

Ավելի վաղ ընկերությունները հայտարարել էին, որ Renault-Nissan-ը «Ռոստեխի» մասնաբաժնի հետգնման և «Տրոյկա դիալոգի» փաթեթի դիմաց կվճարի $742 մլն:

Մեկնաբանել