«Քյառթությունն» ու «ռաբիսը»՝ ընդդեմ օլիգարխիայի

Անկախության սերնդի մասին խոսելիս սովորաբար ասում ենք՝ «հաղթանակած սերունդ», «պատերազմ տեսած սերունդ», «արտագաղթող սերունդ»… Ինչպիսի՞ն է այն այսօր, ինչպե՞ս շարունակել այս շարքը։ Անկախության սերնդի խնդիրների մասին ՍիվիլՆեթը զրուցել է գրող Հովհաննես Թեքգյոզյանի հետ։

— Հովհաննես, ըստ Ձեզ՝ ո՞րն է անկախության սերնդի հիմնական խնդիրը։

— Վերջին 21 տարիներին, անկախության սերունդ ասելով, մոտավորապես հինգ-վեց շերտեր եմ ես տեսնում: Եթե մեկ բառով՝ անկախության սերունդը հիմնականում բևեռացված է: Կոնկրետ՝ ես եմ անկախության սերունդը, այսինքն՝ տեսել եմ Հայաստանի անկախությունը և պատերազմական իրադարձությունները և հետագայում ինչ կատարվեց:

Զարմանալի մի բան՝ ապրած լինելով Խորհրդային Միությունում և ժխտելով այդ արժեքները, որովհետև մեր ընտանիքում դեռ այն ժամանակ հակասովետական տարրեր ու մտածմունքներ կային, կարող եմ ասել, որ ամբողջովին կարողանում եմ ինձանում ամփոփել այդ անկախության սերունդ կոչվածը։

Անկախության այս սերնդի խառնիճաղանջ պատկերն ինձ միշտ զարմացրել է. կա՛մ գրագետ ու զարգացած, կա՛մ ամբողջովին անգրագետ, կա՛մ հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, կա՛մ հակառակը:

Այս 21 տարին բեկումնային եղավ Անկախության սերնդի համար, հատկապես 2008թ. շարժումը, որովհետև այդ շարժման ընթացքում ձևավորվեց մի շերտ, որը շատ ավելի առաջադեմ է, հետաքրքիր, զարգացած:

Եթե նայեմ իմ գրական գործունեությանը՝ մոտավորապես 15 տարի գրել եմ, երկար ժամանակ իմ ստեղծագործությունները եղել են ընդհատակային կամ փոքրաթիվ գրական հանրությանը ծանոթ ու հարիր: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում ես զարմանալի մի փաստ եմ արձանագրել. շատ է զարգացել զգայական դաշտի ընկալումը: Ես ուղղակի զարմանում էի տասը տարի առաջ, երբ գրականագետները չէին հասկանում իմ գրածը, նրանց միշտ ուղղորդում էի, ասում էի՝ զգայական դաշտով մոտեցեք։

— Որպես գրող, լրագրող, արձակագիր, վավերագրող՝ զգո՞ւմ եք պետության աջակցությունը երիտասարդներին։

— Անկեղծ ասած՝ չէի ցանկանա զգալ, արդյունքն ստեղծվում է ինքնաբերաբար: Այսինքն՝ փոքր երկրները պետք է կառավարվեն մեծ երկրների կողմից, մեր երկրների մեջ ներդրումներ են արվում, որպեսզի մասսայական մշակույթ ձևավորվի, և հնարավոր լինի դրա միջոցով կառավարել հանրությանը:

Ես կասկածում եմ, որ մեր երկրում այդ ներդրումը իրականացվել է գոնե մի տասը տարի առաջ: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց, այդ շոուբիզնեսյան օլիգարխիան ինքնաբերաբար ձևավորվեց՝ առանց ներդրումի:

Եթե նայենք հինգ տարվա կտրվածքով՝ 2008-ից մինչև հիմա, ուղղորդված շարժումներ էլ կային, նաև բնապահպանական, քաղաքական, քաղաքացիական և այլն, բայց զարմանալի մի բան կատարվեց՝ առանց ներդրումի հասարակության մեջ ձևավորվեցին շերտեր, որոնք ինքնադրսևորվեցին, իսկ դա ինձ համար ամենահետաքրքիր ու ամենակարևոր բանն է:

Որպես գրող՝ պետության ինձ վրա կատարած ներդրումը, կներեք, ինձ բացարձակ չի հետաքրքրում, որովհետև ի՞նչ ներդրում պետք է անեն՝ պետք է ուղղորդե՞ն, թե ես ի՞նչ գրեմ կամ ինչպե՞ս գրեմ…

— Նկատի ունեմ՝ այնպիսի պայմաններ, միջավայր, որ երիտասարդ գրողը, գիտնականը, ուսուցիչը չհեռանա երկրից, չարտագաղթի, մնա երկրում, այստեղ կայանա։

— Արտագաղթողը արտագաղթում է, մնացողը՝ մնում: Սա գենոֆոնդի իմաստով գուցե լուրջ հարց է, բայց ստեղծագործող մարդն ինքնուրույն է պայմաններ ստեղծում: Փայփայել, բամբակների մեջ պահել, ուղարկել արտասահման, մրցանակներ տալ և այլն, դա ինձ համար տարօրինակ և ծիծաղելի է։ Չնայած ես ինքս մրցանակներ ունեմ, բայց կարծում եմ, որ մրցանակները պետության կողմից չեն մկրտված եղել: Չգիտեմ, ամեն դեպքում արվեստը ձեռնասուն չի կարող լինել, ինչպես և արվեստի ստեղծումը ձեռնասուն չպետք է լինի։

— Հայաստանյան իրականությունում այսօր ենթամշակութային շերտ ներկայացնող մարդկանց հսկայական մի խումբ ու արժեհամակարգ ունենք, որը եթե մեկ բառով փորձեմ բնութագրել՝ ռաբիսություն կամ ինչպես փողոցում են սիրում ասել՝ «քյառթություն»։ Որքանո՞վ է այս ամենը վտանգավոր։

— Նախ՝ մի տարօրինակ բան ասեմ, որ ինքնաբերաբար տեղի ունեցավ մեր երկրում՝ օլիգարխիկ միջավայրը բոլոր ոլորտներում սկսեց գերաճել։ Մշակույթին անդրադառնալով՝ կտեսնենք, որ, այո՛, մենք ունենք օլիգարխիկ մշակույթի խնդիր, բայց ռաբիսությունը, «քյառթությունը» և օլիգարխիկ մշակույթը Հայաստանում էլի ինչ-որ իմաստով բևեռացված են։ Ինչո՞ւ, որովհետև երբ մենք ասում ենք օլիգարխիկ մշակույթ, ի նկատի ունենք հայկական շոու-բիզնեսը:

Հիմա ուրիշ լույսի տակ նայենք: Երբ մենք տեսնում ենք մեկին, որ երգում է, ասենք՝ ես քեզ սիրում եմ, անձրև եկավ և այլն, և դրա ու «քյառթության» միջև զուգահեռներ ենք անցկացնում, ապա ոչ մի կապ չկա, այսինքն՝ «քյառթությունն» ու օլիգարխիկ շոուբիզնեսյան մշակույթը էլի երկփեղկված են:

Որքան մարդուն դնում ես հիմարի տեղ, այնքան հետագայում պայթյունն ավելի մեծ է լինելու: Շատ հնարավոր է, որ նույն «քյառթուները» և «ջակիները» միավորվեն ընդդեմ այդ օլիգարխիկ համակարգի, և ոչ թե օլիգարխիկ համակարգը մերձանա «քյառթուների» հետ:
Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է այդ օլիգարխիկ շոուբիզնեսական հիդրան սկսել ինքն իրեն լափել, և արդյունքում, եթե այսպես շարունակվի, այնպիսի մեծ պայթյուններ կլինեն, որ հասարակության տարբեր խավերը՝ և՛ «քյառթուները», և՛ ռաբիսները, և՛ «ջակիները», և՛ պոստմոդեռնիստները, և՛ ավանգարդիստները, կմիանան այդ մշակույթի դեմ:

Մեր շոուբիզնեսյան օլիգարխիան «քյառթու» չէ, այն կեղծ գլամուրային է: Ես երևույթները չեմ արդարացնում, ինձ համար հասարակության տարբեր շերտերը շատ կարևոր են մեկ ամբողջ մշակույթ ստեղծելու գործում, միայն եթե այդ ենթամշակույթները չեն դառնում օլիգարխիա։

Զրուցեց Արփի Մախսուդյանը

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ:

Մեկնաբանել