Մաքսատան աշխատակիցները համտեսել են գործընկերոջ՝ աշխատանքից հեռանալու դիմումը

Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանի մաքսատան աշխատակիցը երկար տարիների աշխատանքից հետո որոշել է զբաղվել ստեղծագործական աշխատանքով. այս ուղղությամբ նրա առաջին քայլը աշխատանքից ազատվելու յուրօրինակ դիմումն էր: Ցանկանալով նվիրվել հրուշակագործությանը՝ 31-ամյա Քրիս Հոլմսն իր դիմումը «տպել է» ոչ թե թղթի, այլ տորթի վրա:

Հոլմսն իր 31-րդ ծննդյան օրվա կապակցությամբ սովորականի պես իր հետ աշխատանքի է բերել տորթ, որը նախատեսված էր կարևոր ուղերձ փոխանցելու համար: Օդանավակայանի մաքսատան պետ Բիլ Ֆորմին հասցեագրված տորթն իրենից ներկայացնում էր աշխատանքից ազատման դիմում: «Նամակում» Հոլմսը նշել է հեռանալու պատճառները:

«Այսօր իմ 31-րդ ծննդյան օրն է: Վերջերս ես հայր եմ դարձել ու հասկացել, թե որքան արժեքավոր է կյանքը, և ինչ կարևոր է ժամանակը ծախսել այն բաների վրա, որոնք երջանկացնում են քեզ և ուրիշներին: Այդ պատճառով սույն նամակով ես տեղեկացնում եմ իմ հեռանալու մասին: Այդպես ես կկարողանամ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս և հրուշակագործության իմ բիզնեսին, որը վերջին տարիներին բավական ընդլայնվել է: Մաղթում եմ կազմակերպությանն ու գործընկերներիս ամենալավն ու բարին և հիշեցնում եմ, որ եթե ձեզ դուր է եկել այս տորթը, դուք կարող եք նույնից պատվիրել www.mrcake.co.uk կայքում», – «գրել է» Հոլմսը՝ վերջում գովազդելով իր արտադրանքը:

Յուրօրինակ դիմումի լուսանկարը Twitter-ում հրապարակել է Քրիս Հոլմսի ազգական Սթյուարտ Ջեքսոնը, և այն, ըստ երևույթին, անտարբեր չի թողել սոցցանցի օգտատերերին. մեկ օրում այն ռեթվիթ է արել ավելի քան 6 հազ. մարդ:

Մաքսատան պետին ապշեցրել է իր աշխատակցի քայլը: Նրա խոսքով՝ Հոլմսը ներկայացրել է նաև «համեղ» դիմումի՝ թղթի վրա գրված տարբերակը: «Միայն հաջողություն ենք մաղթում նրան», – ասել է Բիլ Ֆորմը:

Ինքը՝ Հոլմսը, պատմում է, որ երկար է պատրաստվել հեռանալուն, գրել է Daily Mail-ը:

«Չէի կարող ավելի վաղ դա անել, քանի որ համոզված չէի, որ կհեռանամ», – խոստովանել է մաքսատան նախկին աշխատակիցը՝ հավելելով, որ տորթ-դիմում պատրաստելը հեշտ չէր, քանի որ նամակում տառերը շատ էին, այնպես որ՝ նա մեծ ջանքեր է գործադրել: