Յոթ թեմատիկ կայք` հայագետների համար

Երևանի պետական համալսարանում ապրիլի 18-ին տեղի կունենա ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի թեմատիկ կայքերի շնորհանդեսը, ասված է ինստիտուտի տարածած հաղորդագրությունում:

2012թ. նախագծվել և համացանցային կիրառման են ներկայացվել ինստիտուտի թվով 7 թեմատիկ կայքերը Հայոց ցեղասպանության, հայոց պատմության, հնագիտության, հայոց լեզվի, մշակույթի, կրոնի, սփյուռքի վերաբերյալ: Կայքերում կարելի է գտնել, դիտել և անվճար ներբեռնել հայագիտական համապատասխան թեմատիկ ուղղություններին առնչվող ոչ միայն դասական ու հայտնի գիտական աշխատանքներ, այլև նոր հրապարակումներ, փաստաթղթեր, քարտեզներ, լուսանկարներ ու տեսանյութեր:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն իրականացնում է հայագիտական ուղղվածության հետազոտություններ, հրատարակում ուսումնասիրություններ, իրականացնում պրոֆեսիոնալ թվայնացում և համացանցային պաշարներում հիշյալ նյութերի ներկայացվածության ապահովում: Կատարված աշխատանքը շարունակաբար ներկայացվում է ինստիտուտի պաշտոնական կայքում` www.armin.am-ում, այդ թվում նոր կայքերում, որոնցում արդեն առկա են շուրջ 366 գրքեր, 1000 հանրագիտարանային գիտահանրամատչելի հոդվածներ, 168 գիտական հոդվածներ, շուրջ 340 քարտեզներ, 110 արխիվային փաստաթղթեր, պատմական տարաբնույթ լուսանկարներ: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը համագործակցում է ինչպես առանձին հայագետների, այնպես էլ հայագիտական գիտահետազոտական այլ կենտրոնների և ինստիտուտների հետ:

Բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանը, կայքերը կներկայացնի ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Վերջինս հանդիսանում է վերոնշյալ կայքերի հեղինակը: Կներկայացվի գործող կայքերի տեխնիկական բնութագրերը, հայագիտության համացանցում ներկայացվածության և անվտանգության ապահովման հիմնախնդիրները, ինստիտուտի` այդ ուղղությամբ կատարվող քայլերը:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2008թ.: Այն ունի թվով 8 ստորաբաժանում` «Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա», «Ցեղասպանագիտության բաժին», «Հայ-օսմանական առնչությունների բաժին», «Ադրբեջանագիտության հայկական կենտրոն», «Վրացագիտության հայկական կենտրոն», «Աղբյուրագիտական լաբորատորիա», «Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժին», «Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա»: