Սաակաշվիլին կցանկանա լինել Վրաստանի ապագա նախագահի խորհրդականը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո կմնա քաղաքականությունում։ Այս մասին նա հայտարարել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես իրավաբան եմ, բայց մտադիր չեմ վերադառնալ այս մասնագիտությանս և կրկին պայքարելու եմ՝ հանուն իմ երկրի ազատության ու անկախության»,- ասել է նա։

Սաակաշվիլին խոստովանել է, որ պաշտոնաթողությունից հետո կցանկանար դառնալ երկրի նոր նախագահի խորհրդական։

«Եթե ինձ չընդունեն՝ որպես տրակտորիստ (մի քանի տարի առաջ վարելով տրակտոր՝ Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստ է նախագահի պաշտոնը լքելուց հետո դառնալ տրակտորիստ), և ես կարծում եմ, որ չեն ընդունի, ես կցանկանամ դառնալ ապագա նախագահի խորհրդական»,- նշել է նա։

Անգամ եթե Վրաստանի նոր ղեկավարին իր իրավանախորդի ծառայությունները պետք չգան, Սաակաշվիլին ամեն դեպքում պատրաստվում է ակտիվ մասնակցել երկրի քաղաքական կյանքին։

Վրաստանի նախագահը հավելել է, որ աշխատանքի վերաբերյալ շատ առաջարկներ է ստանում միջազգային տարբեր կազմակերպություններից, սակայն մտադիր չէ լքել երկիրը, քանի դեռ այն վերջնականապես չի դառնա ազատ, և չեն վերանա այսօր իրապես առկա սպառնալիքները։

Սաակաշվիլին նաև խոստովանել է, որ Վրաստանում անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող կուսակցության փոխվելուց հետո պետության ղեկավար լինելն իր համար «տհաճ գործընթաց» է։

«Ինձ համար այժմ նախագահ լինելը տհաճ գործընթաց է․․․ Իմ հիմնական բոլոր նախագծերը դադարեցվել են, այդ իսկ պատճառով էլ իմ ամեն օրը շատ դժվար է սկսվում․․․»,- ասել է նա։

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ դարձավ 2004թ․ հունվարին՝ Վարդերի հեղափոխությունից հետո։ 2008թ․ սկզբին նա վերընտրվեց պետության ղեկավարի պաշտոնում։ Համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ երրորդ ժամկետի համար առաջադրվել նա չի կարող։

Վրաստանում նախագահական հերթական ընտրությունները ծրագրված են այս տարվա հոկտեմբերին։ Հեռացող նախագահը, ընդ որում, մինչ այժմ չի հայտնել, թե ում կցանկանար տեսնել՝ որպես իր ժառանգորդ (լրատվամիջոցներում Սաակաշվիլիի զինակիցների շրջանում քննարկվում էին տարբեր թեկնածություններ, հնարավոր ժառանգորդ էին համարում, մասնավորապես, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային, սակայն պաշտոնապես այս լուրերը չհաստատվեցին)։

Օրերս Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Ազգային միասնական շարժում» կուսակցության նախագահի թեկնածուն պետք է որոշվի պրայմերիզների միջոցով։

Վրաստանի ներկայիս իշխող «Վրացական երազանք» դաշինքը նույնպես առայժմ չի որոշել երկրի նախագահի իր թեկնածուին։

Մեկնաբանել