Աշխարհում օրական ակտիվացվում է 1,5 մլն Android սարքավորում

Google տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը ներկայացրել է Android օպերացիոն համակարգի վիճակագրական վերջին ցուցանիշները, հաղորդում է All Things Digital-ը:

Շմիդտի խոսքով` 2008թ. Android հարթակի թողարկումից ի վեր աշխարհում ակտիվացվել է այս հարթակով աշխատող մոտ 750 մլն սարքավորում: Android գաջեթների օրական ակտիվացման քանակը կազմում է 1,5 մլն: Համեմատության համար նշենք, որ 2012թ. այս ցուցանիշը 700 հազ. էր:

Ներկայում ամսական գործարկվում է Android-ով աշխատող շուրջ 45 մլն պլանշետ և սմարթֆոն: Շմիդտի կանխատեսմամբ` 6-9 ամսվա ընթացքում Android-ով աշխատող սարքավորումների ընդհանուր քանակը կգերազանցի 1 մլրդ-ը, իսկ մեկ կամ երկու տարի անց` 2 մլրդ-ը:

Հատկանշական է, որ Google-ն ի սկզբանե նպատակ չի ունեցել Android-ն օգտագործել սմարթֆոնների և պլանշետների համար: Ինչպես նշել է ընկերության ծրագրային մշակման մասնագետ Էնդի Ռուբինը, բջջային հարթակը նախատեսված է եղել համակարգիչներին միացման հնարավորություն ունեցող «խելացի» տեսախցիկների համար: Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ Android-ի կիրառման ոլորտն ավելի լայն է: Արդյունքում` ներկայում ծրագիրը զբաղեցնում է սմարթֆոնների համաշխարհային շուկայի 70%-ը: