Վարկավորումը փոխել դրամի

Կենտրոնական բանկը հերթական քայլն է ձեռնարկել՝ միտված դրամով վարկավորման ծավալների ավելացմանը։ Այս նպատակով ԿԲ-ն կրկնակի նվազեցրել է ազգային արժույթով ներգրավված միջոցների պահուստավորման պարտադիր նորմատիվը։ Թե որքանով ԿԲ-ին կհաջողվի նորմատիվի փոփոխությամբ խթանել դրամային վարկերի ծավալի աճը, պարզ չէ, հատկապես երբ ավանդների մոտ 70%-ը դոլարային է։

Ապրիլի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել դրամային պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքը՝ հաստատելով այն 4%-ի մակարդակում՝ գործող 8%-ի փոխարեն։

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունում վարկերի միջոցով իրականացված ներդրումներն ուղղվել են առավելապես արտադրողական՝ արդյունաբերության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության ճյուղեր։ Նման վարկերը, ի տարբերություն պահանջարկը խթանող վարկերի, հանգեցնում են ՀՆԱ-ի ներուժի աճի և չեն ձևավորում գնաճային ճնշումներ:

ԿԲ-ում կարծում են, որ այս փոփոխությունն իր հերթին կխթանի բանկերի կողմից ՀՀ դրամով վարկերի առաջարկը և պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը՝ նպաստելով շուկայական տոկոսադրույքների նվազմանը։ «Այս քայլով Կենտրոնական բանկը տնտեսության համար ավելի դյուրին պայմաններով վարկերի նկատմամբ պահանջարկի բավարարմանը զուգահեռ կիրականացնի ապադոլարայնացման հերթական միջոցառումը»,– նշված է հաղորդագրությունում: ԿԲ որոշումն ուժի մեջ է մտնելու հունիսի 12-ից։

Թե որքանով ԿԲ այս որոշումը կնպաստի բանկերի կողմից ազգային արժույթով վարկավորման ծավալների ավելացմանը, դժվար է գնահատել, եթե հաշվի առնենք առաջիկա տարիներին ազգային արժույթի արժեզրկման սպասումների գործոնը։ Դրամի արժեզրկման սպասումները չեն նպաստում նաև դրամային ավանդների մասնաբաժնի ավելացմանը։ Փետրվարի վերջին ավանդների դոլարիզացիայի մակարդակը Հայաստանի բանկային համակարգում կազմել է 69,6%, այն դեպքում, երբ մեկ տարուց ավելի դրամային ավանդների տոկոսադրույքը կազմել է 12,18%, դոլարային ավանդներինը՝ 7,58%։

Այսօր թեև դրամով ներգրավված միջոցների պահուստավորման նորմատիվը 8% է, իսկ արտարժույթովը՝ 12%, ընդ որում՝ կրկին ազգային արժույթով, բանկերը նախընտրում են վարկավորել արտարժույթով։

Բանկերի ներգրաված միջոցների զգալի մասն արտարժույթով է, և արտարժութային ռիսկերից խուսափելու համար բանկերը նախընտրում են տրամադրել արտարժութային վարկեր։ Միայն այս տարվա երկու ամիսներին դոլարային վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում ավելացել է 0,87-տոկոսային կետով՝ կազմելով 65,17%։ 

Մեկնաբանել