Վենեսուելայում ընդդիմությունը չեղյալ է հայտարարել բողոքի ցույցը

Վենեսուելայում նախագահական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն ընդդիմության բողոքի ակցիայի ընթացքում ապրիլի 16-ի գիշերը զոհվել է 7 մարդ, վնասվածքներ է ստացել 60-ը, 135 մարդ ձերբակալվել է, հաղորդում է Euronews-ը։ Գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգա Դիասը բռնության պատասխանատվությունը գցել է ընդդիմության վրա։

Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է․ «Այն, ինչ այժմ կատարվում է, կազմակերպված ծրագիր է, որը մենք քննադատում ենք։ Սա հեղաշրջման ժամանակագրություն է։ Եթե դուք ցանկանում եք ինձ տապալել, եկե՛ք այստեղ իմ հետևից, ես այստեղ եմ ժողովրդի և զինված ուժերի հետ։ Արա՛ այն, ինչ կարող ես, դժբա՛խտ բուրժուա»։

Այս խոսքերն ուղղված են եղել ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսին, որի կողմնակիցները չեն ընդունել ընտրությունների արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով դրանք կեղծելու մեջ։

«Կառավարությունը,- հայտարարել է Կապրիլեսը,- չի ցանկանում ձայների վերահաշվարկ իրականացնել։ Նրանց պետք է բռնություն և առճակատում։ Նրանք ցանկանում են, որ Վենեսուելան մնացած աշխարհում դիտվի որպես բռնության մեջ թաղված երկիր։ Ահա թե ինչու նրանք իրենց չեն համարում պարտավոր՝ պատասխանելու մեր պահանջներին»։

Վենեսուելայում ապրիլի 17-ին ծրագրված էր Կապրիլեսի կողմնակիցների ցույցը։ Սակայն ընդդիմությունը որոշել է չեղյալ հայտարարել այն՝ երկրում հետագա բռնություններից խուսափելու համար։

«Մենք պատրաստ ենք սկսել բաց երկխոսություն կառավարության հետ, որպեսզի ճգնաժամին հնարավոր լինի վերջ դնել առաջիկա ժամերին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Վենեսուելայում տեղի են ունեցել ապրիլի 14-ին։ Վենեսուելայի Պետական ընտրական խորհուրդը նախագահական ընտրությունների հաղթող է հայտարարել հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի ժառանգորդ Նիկոլաս Մադուրոյին, որը ըստ պաշտոնական տվյալների՝ ստացել է ընտրողների ձայների 50,75%-ը այն դեպքում, երբ Էնրիկե Կապրիլեսը ստացել է 48,97% ձայն։ Կապրիլեսը պահանջել էր ձայների վերահաշվարկ։ Այս պահանջը, սակայն, մերժվել էր։

Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը նշանակված է ապրիլի 19-ին։