Իտալիայում նախագահի թեկնածուին օնլայն են ընտրել

Իտալիայում նախկին երգիծաբան Բեպե Գրիլոյի պոպուլիստական «Հինգ աստղ շարժումը» «երկրի նախագահի թեկնածուի ընտրությունները օնլայն» է իրականացրել։ Հաղթող է դարձել հեռուստահաղորդավարուհի Միլենա Գաբանելին, որը հայտնի է իր լրագրողական հետաքննություններով, հաղորդում է Euronews-ը։

Ապրիլի 18-ից Իտալիայի խորհրդարանում կսկսվի պետության նոր ղեկավարի ընտրության վերաբերյալ քվեարկությունը։ Սակայն քաղաքական ուժերից ոչ մեկն առայժմ չի կարողացել ուժեղ թեկնածու առաջադրել։

«Միլենա Գաբանելին անսպասելի ընտրություն է։ Ես երբեք չէի մտածի, որ նա առաջին տեղը կգրավի կամ գոնե կհայտնվի առաջին հնգյակում։ Կին, լրագրող, որը դեմ է հանդես գալիս ավանդական իշխանությանը»,- մեկնաբանել է օնլայն քվեարկությունը Գրիլոն՝ իր քաղաքական հակառակորդներին կոչ անելով աջակցել հաղթողին։

Սակայն Կվիրինալյան պալատը զբաղեցնելու շանսեր Գաբանելան փաստացի չունի․ ձախակենտրոնները՝ Պիեռ Լուիջի Բերսանիի գլխավորությամբ, օնլայն քվեարկությունն անվանել են «ֆարս և սադրանք»։ Իսկ Իտալիայի նախկին վարչապետ, աջակենտրոն Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ «Հինգ աստղ շարժման» թեկնածուի՝ նոր նախագահ ընտրվելու դեպքում «իտալացիները լավ կանեն, լքեն երկիրը»։

Իտալիայի գործող նախագահ Ջորջո Նապոլիտաոյի մանդատի ժամկետն ավարտվում է մայիսի 15-ին, իսկ նրա իրավահաջորդի ընտրումը կարող է օգնել երկրին դուրս գալ քաղաքական փակուղուց։ Փետրվարին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Իտալիայի կառավարություն ձևավորել չի հաջողվել։ Նոր նախագահը պետք է քաղաքական ուժերին հանգեցնի համաձայնության կամ կազմակերպի արտահերթ ընտրություններ։