Ս. Սարգսյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Թ. Յագլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու Թորբյորն Յագլանդին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները և Գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում և Երևանում անցկացվելիք միջոցառումները: Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարևոր հարցերը և արդի մարտահրավերները: Երկուստեք կարևորվել են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային գործընթացներին և առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին: