Գյուղնախարարությունը զգուշացնում է ցրտահարության վտանգի մասին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` Տավուշի, Լոռու մարզերում և Սյունիքի նախալեռներում ապրիլի 17-20-ը ընկած ժամանակահատվածում` գիշերվա երկրորդ կեսից հետո, սպասվում է ջերմաստիճանի անկում` մինչև 0 -2C0:

Նշված տարածաշրջաններում ցրտահարության հետևանքով կարող են տուժել ծաղկման փուլում գտնվող պտղատու այգիները: Հնարավոր վնասները կանխելու նպատակով նախարարությունը հորդորում է այգիներին հարակից ճանապարհների եզրերին կուտակել կիսաչոր բուսական մնացորդներ, պատրաստել ծխակույտեր և դրանք տեղակայելով քամու ուղղությամբ այրել այնպես, որ ամբողջ այգին պատվի կայուն ծխածածկույթով: Այնտեղ, որտեղ կա ոռոգման հնարավորություն, խորհուրդ է տրվում այգին առատ ոռոգել: Առաջարկվող միջոցառումները պատշաճ ձևով և ժամանակին կազմակերպելու դեպքում կարելի է նույնիսկ բացառել վնասը: