ԼՂՀ վարչապետն անթույլատրելի է համարել մանկապարտեզներում տիրող իրավիճակը

ԼՂՀ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության և Ստեփանակերտի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակի և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության համակարգման հետ կապված հարցեր. հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Առողջապահության նախարար Զոյա Լազարյանը ներկայացրել է նախադպրոցական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունները, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանն ուղղությամբ կատարված աշխատանքները: Անհարմարություններից խուսափելու համար առաջարկվել է խիստ սահմանափակել երեխաների ընդունելությունը:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդգրկվածության համակարգման մասին կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի զեկույցի համաձայն` հանրապետությունում գործում է 42 մանկապարտեզ` 3396 երեխայի ընդգրկմամբ: Ստեփանակերտի պետական մանկապարտեզներում 520 մահճակալային տեղերում ընդգրկված են 1160 երեխա, ինչը չի համապատասխանում սահմանված նորմերին:

Վարչապետը անթույլատրելի է համարել մանկապարտեզներում տիրող իրավիճակը, ինչը առաջացնում է երեխաների առողջության և դաստիարակության հետ կապված խնդիրներ: Նա նշել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի ընդլայնումը առաջնային խնդիր է: Առաջիկա տարիներին Ստեփանակերտի N 4 մանկապարտեզի գործարկմամբ և N 6, 11 դպրոցների շենքները մանկապարտեզների վերակառուցմամբ մեծամասամբ լուծում կտրվի հիմնախնդրին: Իսկ մինչ այդ առաջարկվել է մանկապարտեզներին կից` այլ պետական շենքերում խմբեր ստեղծել, իսկ 5 տարեկան երեխաներին ընդգրկել հանրակրթարանների նախադպրոցական խմբերում:

Քննարկման ընթացքում հնչել են նախադպրոցական խմբերի լիարժեք գործունեությանը վերաբերող առաջարկություններ:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների տնօրեններ, պաշտոնատար այլ անձինք: