ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը անփոփոխ է թողել՝ 4,3%

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՆ) համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը ընթացիկ տարվա համար նվազեցրել է 0,2-տոկոսային կետով՝ մինչև 3,3%, եվրոգոտում կանխատեսել 0,3% անկում, Ռուսաստանում՝ աճի տեմպի մինչև 3,4% դանդաղում։ Գլոբալ պայմանների փոփոխությունը չի անդրադարձել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսման վրա, այն մնացել է անփոփոխ՝ 4,3%։ Մյուս կողմից՝ ԱՄՀ-ի նույնիսկ նման գնահատականն է ռիսկային բյուջեի եկամտային մասի կատարման համար, քանի որ կառավարությունն ընթացիկ տարում ՀՆԱ-ի 6,2% աճ է ակնկալում։

Արժույթի միջազգային հիմնադրամը համաշխարհային տնտեսության աճի հարցում ավելի լավատես է դարձել. հիմնադրամում կանխատեսում են, որ գլոբալ տնտեսությունն այս տարի կաճի 3,3%-ով, 2014թ.՝ 4%-ով։ Ապրիլի 16-ին հրապարակած հերթական՝ «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներ» (World Economic Outlook) զեկույցում ԱՄՀ մասնագետները գլոբալ տնտեսության հեռանկարների բարելավում են արձանագրել՝ նշելով, սակայն, որ հարթ չի լինելու զարգացած տնտեսությունների աճի ճանապարհը։ Այս երկրներում աճի ակտիվացում ակնկալվում է միայն տարվա երկրորդ կեսից։ Զարգացող տնտեսություններում ակտիվացումն արդեն այսօր է թափ հավաքում։

Չնայած ԱՄՀ-ի լավատեսությանը՝ դեպի նվազում են վերանայվել համաշխարհային տնտեսության աճի նախորդ՝ հունվարյան կանխատեսումները. այս տարվա համար՝ 0,2-տոկոսային կետով, գալիք տարվա համար՝ 0,1-տոկոսային կետով։ Զարգացած երկրների համար աճի կանխատեսումը նվազեցվել է 0,2-տոկոսային կետով՝ մինչև 1,2%, զարգացող երկրների համար՝ 0,3-տոկոսային կետով՝ մինչև 5,3%։ ԱՄՀ փորձագետները նշում են, որ եվրոգոտում այս տարի արձանագրվելու է անկում 0,3%-ի չափով՝ նախորդ կանխատեսման 0,2%-ի դիմաց։

Ապրիլյան զեկույցում ԱՄՀ-ն վերանայել է նաև Հայաստանի առևտրատնտեսական մյուս հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի աճի կանխատեսումը՝ այն նվազեցնելով 0,3-տոկոսային կետով՝ մինչև 3,4%։

Վրաստանում այս և հաջորդ տարվա համար ԱՄՀ-ն կանխատեսում է 6%, Ադրբեջանում այս տարի՝ 4,1%, 2014թ.՝ 5,8% տնտեսական աճ։ Թուրքիայում այս տարի կանխատեսվում է 3,4%, 2014թ.՝ 3,7% աճ։

Հայաստանի դեպքում ԱՄՀ մասնագետները մնացել են հունվարյան կարծիքին և շարունակում են գտնել, որ այս տարի հանրապետությունում տնտեսությունը կաճի 4,3%-ով, գալիք տարի աճը կարող է կազմել 4,1%։ Ընթացիկ տարում միջին գնաճը կկազմի 4,2%, 2014թ.՝ 4%։ Վճարային հաշվեկշիռն ընթացիկ տարում կլինի բացասական՝ կազմելով ՀՆԱ-ի 9,6%-ը, 2014թ.՝ 8,2%-ը։

Փոփոխվող գլոբալ պայմաններում Հայաստանի տնտեսական աճի կանխատեսման անփոփոխ թողնելը խոսում է այն մասին, որ ըստ ԱՄՀ-ի՝ տնտեսական աճի հիմնական շարժիչը հանրապետությունում մնալու են ներքին գործոնները։ Այդուհանդերձ, հիմնադրամի մասնագետները հաշվի են առել նաև արտաքին գործոնների բացասական ազդեցությունը։

ԱՄՀ կանխատեսումներով՝ նավթի գների հետագա նվազումը բացասական ազդեցություն է թողնելու Ռուսաստանի և Ղազախստանի տնտեսական աճի վրա, ինչն անուղղակիորեն ազդելու է ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա։

«Հնարավոր է՝ կրճատվի Ռուսաստանից դեպի Հայաստան, Տաջիկստան և Ղրղըզստան մասնավոր փոխանցումների ծավալը. մասնավոր փոխանցումներն այդ երկրների տնտեսական աճի առանցքային գործոններից են»,– նշված է ԱՄՀ զեկույցում։

Գլոբալ պայմանների փոփոխությունը Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն է թողնելու ոչ միայն մասնավոր տրանսֆերտների կրճատման ճանապարհով։ Հայաստանի արտաքին առևտրի մոտ 60%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին և ԵՄ-ին, իսկ երկրի արտահանման կեսից ավելին հանքարդյունաբերական արտադրանք է։ Հասկանալի է, որ գլոբալ պահանջարկի կրճատումը, մետաղների գների նվազման միտումների պահպանումը անխուսափելիորեն դանդաղեցնելու են տնտեսության աճի տեմպը Հայաստանում։

Եթե անգամ ընթացիկ տարում զարգացումներն ընթանան ԱՄՀ-ի կանխատեսած սցենարով, Հայաստանի համար դրանք դրական չեն լինի։ Խնդիրն այն է, որ տնտեսական աճի ԱՄՀ գնահատականը մոտ 2-տոկոսային կետով փոքր է կառավարության կողմից պետբյուջեի հիմքում դրված ցուցանիշից (կառավարությունն այս տարվա համար ակնկալում է ՀՆԱ-ի 6,2% աճ)։ Սա, իր հերթին, ռիսկեր է ստեղծում բյուջեի եկամուտների ապահովման համար։ Պետբյուջեի՝ նախորդ տարվա համեմատ լրացուցիչ Դ120 մլրդ հարկային եկամուտների մոտ Դ50 մլրդ-ը գործադիրն այս տարի ծրագրում է ապահովել տնտեսական աճի և գնաճի հաշվին։ Եվ եթե տնտեսական աճը կառավարության կանխատեսածից 2-տոկոսային կետով ցածր լինի, ապա միայն ուղղակի ճանապարհով այն կբերի հարկային մուտքերի մոտ Դ20 մլրդ-ով նվազման։ Մյուս կողմից՝ բյուջեի ծախսային մասի կրճատման հնարավորությունները ևս մեծ չեն, և գործադիրը, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու ավելացնել բյուջեի դեֆիցիտը՝ կանխատեսված 2,64%-ից հասցնելով 3%-ի։

Մեկնաբանել