Թետչերը մեռավ, կեցցե՛ թետչերիզմը

Մարգարետ Թետչերի մահը Եվրոպական միասնության ջատագովների համար այլ երանգներ ունի: Թետչերը Շառլ դը Գոլի հետ միասին համարվում է ամենաեվրոսկեպտիկ քաղաքական գործիչներից մեկը: Նրա հայտնի «We are simply asking to have our own money back » և «I want my money back» արտահայտությունները դասագրքային արտացոլում են գտել ԵՄ-ի վերաբերյալ տարբեր ձեռնարկներում:

1980-ականների սկզբին Եվրահանձնաժողովը ղեկավարում էր ֆրանսիացի սոցիալիստ Ժակ Դելորը, որը համոզված ֆեդերալիստ էր՝ Եվրոպայի դաշնության և ուռճացած եվրոբյուրոկրատիայի ստեղծման կողմնակից: Այս գաղափարներն ամբողջովին դեմ էին Թետչերի եվրոպական քաղաքականությանը, որը Եվրոպական ընկերակցությունից պահանջում էր ոչ պակաս գումարներ, քան Մեծ Բրիտանիայի հատկացումներն էին ընդհանուր բյուջե:

«Ես չեմ ուզում Ընկերակցության Ձմեռ պապիկի դերը խաղալ, այն դեպքում, երբ իմ ընտրազանգվածը խնդրում է առողջապահության և կրթության ոլորտների բարելավում»,– նշել էր Երկաթե լեդին իր հարցազրույցներից մեկում: Եվրոպական ընկերակցության մեջ մտնող երկրների և կառավարությունների ղեկավարներից նման սկեպտիկ վարքով դրանից առաջ մեկ էլ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլն էր արտահայտվել, որի մահը նոր հույսեր էր ներշնչել եվրոպական ինտեգրման կողմնակիցներին:

Եվրոսկեպտիկությունը ոչ այնքան սուբյեկտիվ, որքան օբյեկտիվ պատճառներ ունի: ԵՄ ստեղծման և վերազգային դառնալու ճանապարհը հաճախ խոչընդոտվել է ոչ թե Դը Գոլի կամ Թետչերի քմահաճույքների պատճառով, այլ տնտեսական ճգնաժամերի կամ կոնյունկտուրայի պատճառով, որոնք էլ հոռետեսություն են առաջացրել ազգային մակարդակներում:

Եվրահոռետեսության նման տրամադրություններն այսօր էլ տարածված են: Թեև Թետչերը վարչապետությանը հրաժեշտ է տվել դեռ 1990թ., նրանից հետո ներկայիս տեսքով և միասնական դրամով ձևավորվել է ԵՄ-ն, այն աննախադեպ ընդարձակվել է, սակայն հոռետեսությունը մնացել է: Պատճառը ԵՄ առկա ճգնաժամերն են, որոշ անդամ երկրների փլուզման վտանգի տակ հայտնված տնտեսությունները:

Թետչերը մահացավ, սակայն եվրոպական քաղաքականության բնագավառում թետչերիզմի վերածնունդը նոր բողբոջներ է արձակում: Եվ ինչքան էլ Եվրոպայի որոշ առաջնորդներ և քաղաքական ուժեր վարակված լինեն միասնական վերազգային Եվրոպա ստեղծելու գաղափարներով ու փորձեն առաջ մղել դրանք, տնտեսական վիճակը միշտ էլ ստիպելու է նոր թետչերներին ավելի մեծ ուշադրություն դարձնել սեփական ընտրազանգվածի պահանջներին, քան թե կերակրել ԵՄ «պարազիտ» տարածքներին, սուբսիդավորել եվրոպական գյուղատնտեսությունը կամ էլ գումարներ նվիրել ուռճացած բյուրոկրատիա ունեցող «նոր» եվրոպացիներին:

Եվրոպան թաղեց Թետչերին, սակայն թետչերիզմը դեռ ողջ է: Ու ամեն ճգնաժամի պահի նրա գաղափարները հուզելու են եվրոպացիներին:

Մեկնաբանել