Թվային գովազդը նոր ռեկորդ է սահմանել

2012թ. թվային գովազդը ռեկորդային՝ $36,6 մլրդ-ի հասույթ է ապահովել, որը 15%-ով գերազանցում է 2011թ. ցուցանիշը, վկայում են ամերիկյան Interactive Advertising Bureau (IAB) ընկերության զեկույցի տվյալները։

Գովազդից ստացվող ընդհանուր հասույթում 2012թ. բջջային համակարգերի շուկայական մասնաբաժինը 9% կամ $3,4 մլրդ է կազմել, ամենաարագ աճը, այդուհանդերձ, հենց այս սեգմենտն է արձանագրել։ 2011թ. $1,6 մլրդ-ի համեմատ աճը կազմել է 149%։ Մյուս կողմից՝ ընկերությունը թվային գովազդից շահույթի աճի տեմպի դանդաղում է արձանագրել։ 2011թ. աճը սեգմենտում 22% էր։

«Ռեկորդային այս թվերը վկայում են պարադիգմայի փոփոխության մասին, շուկան սկսում է գնահատել տեղեկատվության փոխանցման «բազմաթիվ էկրանների» առավելությունը»,– ասել է ընկերության տնօրեն Ռենդել Ռոտենբերգը։

Բջջային սարքավորումների սեգմենտում աճը պայմանավորված է դրանց մեծ տարածմամբ, ինչպես նաև վերահսկողության ավելի դինամիկ հնարավորությունների առկայությամբ։

Ինչ վերաբերում է մյուս սեգմենտներում հասույթի աճին, թվային տեսանյութերի դեպքում այն կազմել է 29% (մինչև $2,3 մլրդ): Որոնողական համակարգերում թվային գովազդից ստացվող հասույթն աճել է 14,5%-ով (մինչև $16,9 մլրդ), էկրաններով գովազդներինը՝ 9%-ով (մինչև $12 մլրդ)։

2012թ. 4-րդ եռամսյակում թվային գովազդը $9 մլրդ-ի հասույթ է ապահովել, որը 14,9%-ով գերազանցում է 2011թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը։