Չինական շարժիչը դեռ անխափան կաշխատի

Վերջին տասը տարում Չինաստանի ՀՆԱ-ն ավելացել է ավելի քան հինգ անգամ՝ 2011թ. կազմելով $7,2 տրլն՝ 2001թ. $1,3 տրլն-ի համեմատ: Ավելին՝ Չինաստանը դարձել է աշխարհի երկրորդ տնտեսությունը, որին բաժին է ընկնում գլոբալ ՀՆԱ-ի 10%-ը։ Վերջին 20 տարում Չինաստանի տնտեսական աճն ապահոված հիմնական գործոններն առկա են նաև այսօր, թեև զգալի են նաև աճին սպառնացող ռիսկերը, գրում է ռուսական «Վեդոմոստի» պարբերականը։

Էժան աշխատուժ
Չինաստանի աճի հիմնական շարժիչը էժան աշխատուժն է՝ չնայած վերջին տարիների թանկացմանը։ Ընկերությունների մեծ մասը ստիպված է եղել աշխատավարձը բարձրացնել տարեկան 15-20%-ով։ Փորձագետները սա աշխատուժի «սպառման» ազդակ են համարում։

Մյուս կողմից՝ Չինաստանի բնակչության մեծ մասը՝ 650 մլն-ը, դեռ գյուղաբնակ է, և ժողովրդագրական աճը արհեստականորեն է սեղմվում. ահա թե ինչու մոտ ապագայում աշխատուժի զգալի կրճատում պետք չէ ակնկալել։ Ավելին՝ Չինաստանը կշարունակի պահպանել էժան աշխատուժի մատակարարի իր առաջատար դիրքերը։

Էժան կապիտալ
Աճի ապահովման մյուս կարևոր գործոնը էժան կապիտալի հասանելիությունն է պետության համար՝ ի հաշիվ բնակչության խնայողությունների շուկայում պետական մենաշնորհի։ Չնայած Չինաստանի իշխանություններն աստիճանաբար ազատականացնում են ֆինանսական սեկտորը, այս արտոնությունից նրանք մտադիր չեն հրաժարվել։ Տնտեսական աճը դեռ խթանել է հարկավոր։

Էժան ապրանքների գլոբալ բարձր պահանջարկ
Չինաստանի տնտեսական աճը ապահովվել է ոչ միայն էժան աշխատուժի և կապիտալի հաշվին, այլև իրացման արտաքին հսկայական շուկայի շնորհիվ: Վերջին մի քանի տարիներին առերեսվելով արտաքին շուկաների կորստի սպառնալիքին՝ Պեկինը հայացքն ուղղել է դեպի ներքին սպառողը։ Սպառման ներքին մեծ շուկա հնարավոր կլինի ապահովել աճող քաղաքային բնակչության, ինչպես նաև նրա եկամուտների աճի միջոցով։

Անվճար տեխնոլոգիաներ
Առաջանցիկ աճի շարժիչը առաջատար տեխնոլոգիաների նկատմամբ անվճար մատչումն է: Բարձրտեխնոլոգիական արտադրությունները տեղափոխելով Չինաստան՝ արևմտյան ընկերությունները գործնականում նվիրել և շարունակում են նվիրել այդ տեխնոլոգիաները Պեկինին: Ավելին՝ Չինաստանը դրանք արագ կրկնօրինակում և տարածում է։

Զարգացած ենթակառուցվածքներ
Չինաստանում աճի գլխավոր «տարբերանշանը» ենթակառուցվածքներում ներդրումներն են: Ավելին՝ աշխարհի ամենահզոր և արդյունավետ տրանսպորտային ենթակառուցվածքները հենց Չինաստանում են: Վերջին տասնամյակում երկրի գրեթե բոլոր քաղաքները միմյանց կապող արագընթաց մայրուղիներ են կառուցվել։

Աշխատանքի բարձրացող արտադրողականություն
2012թ. Չինաստանում մեկ շնչին բաժին ըկնող ՀՆԱ-ն կազմել է $6 հազ.՝ 2000թ. $1000-ի համեմատ: Աշխատանքի արտադրողականության բարձրացումը կշարունակվի մոտ ապագայում՝ պայմանավորված վերջին տասնամյակում էլեկտրոնային կոմերցիայի բուռն աճով:

Ռիսկեր
Տնտեսական բուռն աճը մի շարք խնդիրների տեղիք է տվել, որոնցից ամենասուրը աճող սոցիալական դժգոհությունն է։ Վերջին տասնամյակում երկրում կտրուկ ավելացել է մեծահարուստների թիվը, այն դեպքում, երբ միլիոնավոր մարդիկ շարունակում են օրական $16-ից պակաս վաստակել։

Տնտեսության վերափոխումն ու աճի շարունակական ապահովումը մի շարք խնդիրներ են ծնելու՝ հիմնական շարժիչ համարվող գործոնների առկայության պայմաններում։ Արդյունքում Չինաստանի տնտեսության ապագայի հարցում անհրաժեշտ է զգուշավոր լավատես լինել։