Արևմուտքը բարձր գին կվճարի Սիրիայի համար․ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Արևմուտքը բարձր գին է վճարելու իր երկրում զինված հակամարտությունում «Ալ Կաիդային» աջակցելու համար։

Սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ասադը Սիրիայի իրադրությունը համեմատել է ամերիկացիների՝ Աֆղանստանում իսլամիստներին ցուցաբերած աջակցության հետ։

«Մեր իրադրությունը հիշեցնում է այն իրավիճակը, որում հայտնվեց Արևմուտքը Աֆղանստանում, երբ ֆինանսավորեց «Ալ Կաիդային» նրա ստեղծման պահին, իսկ հետո դրա համար թանկ վճարեց։ Այսօր արևմտյան պետությունները օգնում են ծայրահեղականներին Սիրիայում, Լիբիայում և այլ վայրերում, իսկ հետո կգա Եվրոպայի և ԱՄՆ-ի հենց սրտում վճարելու հերթը»,- ասել է Սիրիայի նախագահը։

Սիրիական «Ջաբհաթ ան Նուսրա» ապստամբական խմբավորումը անցյալ շաբաթ հրապարակավ խոստովանել է իր կապը «Ալ Կաիդայի» հետ։ Այս խմբավորումն արդյունավետ ուժ է Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ պայքարում։ ԱՄՆ-ը այն ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Բաշար ալ Ասադը նաև ասել է, որ հակամարտությունում իր կառավարության պարտությունն աղետ կլինի։

«Միայն հաղթանակ, ես այլ ընտրություն չունեմ։ Հակառակ դեպքում դա կլինի Սիրիայի վերջը, և ես չեմ կարծում, որ սիրիացի ժողովուրդը կգնա այդ տարբերակին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 70 հազ․ մարդ։