ԱՄՆ-ում ոսկե մետաղադրամների վաճառքները կտրուկ աճել են

ԱՄՆ-ում մանրածախ ներդրողները ոսկու պատմական գների պատմական անկումը օգտագործում են որպես այն մեծ ծավալներով գնելու հիանալի հնարավորություն:

Ոսկե մետաղադրամների գնումների կտրուկ աճը վկայում է, որ բնակչությունը խնայողությունների համար հիմնական ակտիվ հենց ոսկին է համարում՝ հատկապես տնտեսական անկայունության շրջանում, հաղորդում է Reuters -ը:

Բնակչության վարքագիծը տարբերվում է համակարգային ներդրողների, ինչպես նաև ֆյուչերսներում և բորսաներում ներդրումներ կատարողների վարքագծից: Ավելին՝ վերջին շրջանում այս գործիքակազմից ներդրողների «փախուստ» է արձանգրվում, որը ապրիլի 15-ին թարմացրել է 30-ամյա ռեկորդը: Այսպես՝ երկու օրում 77 հազ. ունցիայի մետաղադրամ է վաճառվել, որը գերազանցել է մարտ ամսվա ցուցանիշը՝ 62 հազ. ունցիա:

Ըստ փորձագետների՝ հաճախորդների նման հոսք չէր արձանագրվել Lehman Brothers-ի սնանկացումից ի վեր, ավելին՝ օրինակ նրանցից մեկը գնել է միանգամից 500 ունցիա ոսկի:

Վաճառքների ամենամեծ աճն արձանագրվել է ապրիլի 15-ին, երբ 35.5 հազ. ունցիային համարժեք մետաղադրամ էր վաճառվել, որը 10 անգամ գերազանցել է նախորդ օրվա ցուցանիշը:

Վաճառքների այս տեմպերի պահպանման դեպքում ապրիլին կարձանագրվի 150 հազ. ունցիա ցուցանիշը, որը վերջին երեք տարվա առավելագույն ցուցանիշը կլինի:

Ապրիլի 15-ին բորսայական առևտրաշրջաններում ոսկու գները նվազել են միանգամից 9%-ով՝ կազմելով $1355/տրոյ. ունցիա և հատելով հոգեբանական $1400/տրոյ. ունցիա սահմանագիծը:

Ըստ USA Today-ի՝ սա ոսկու գների ամենամեծ անկումն է 1983թ. ի վեր: Ներկայում ոսկին $527-ով էժան է 2011թ. օգոստոսին համեմատ, երբ արձանագրվել էր առավելագույն գին: Ընդ որում՝ թանկարժեք մետաղը հիմնականում վերջին շաբաթներին է էժանացել: Այս տարվա սկզբին ոսկու գինը $1700/տրոյ.ունցիա է եղել:

Մեկնաբանել