Ջոն Քերին կրակի վրա յուղ է լցնում. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «կրակի վրա յուղ է լցնում»: Հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Քերին Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիային մեծ դեր է վերապահում` չնայած Թուրքիայի հետզհետե աճող հակահայկական դիրքորոշմանը և նշում է, թե Անկարան կարող է «կառուցողական դեր» խաղալ «սառեցված հակամարտության» լուծման գործում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում Քերին հայտարարել էր, թե Մերձավորարևելյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացքում, Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի խնդիրներում Թուրքիան «կառուցողական դեր» ունի: Քերին նաև տեղեկացրել է, որ Ղարաբաղյան խնդրի շուրջ Թուրքիան և ԱՄՆ-ը բանակցություններ են վարում:

«Երկու սառեցված խնդիրների` Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցով Թուրքիան աջակցություն ստանալու նպատակով բանակցում է մեզ հետ»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղարը: