Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են՝ փոխելու իրավիճակը երկրում: Ինչպես հաղորդում է ilur.am-ը, ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով` հաղթելով մայիսի 5-ի ընտրություններում, ընդդիմությունը կլուծի 6 խնդիր:
Առաջինը՝ ըստ Լևոն Զուրաբյանի, ընդդիմության հաղթանակն էապես կթուլացնի ռեժիմի հնարավորությունները՝ վերահսկելու քաղաքական գործընթացները, և ընդհանրապես, ռեժիմի դիրքերը կթուլանան, որովհետև քաղաքապետարանը լուրջ դեր է կատարում ռեժիմի ամբողջատիրական համակարգում:
2. Հնարավորություն կստեղծվի ընդհանրապես երկրում իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու և ավազակապետական ռեժիմից ազատելու համար, դուռ կբացվի ամբողջական իշխանափոխության համար:
3. Պետական կառավարման համակարգում կստեղծվի հակակշիռների համակարգ, որից կօգտվի հասարակությունը: Եթե հիմա կառավարումը լրիվ ենթարկվում է Սերժ Սարգսյանին, քաղաքապետորանն ընդդիմության ձեռքն անցնելու դեպքում կսկսեն գործել իշխանության կառավարման համակարգի կարգավորման լրիվ այլ մեխանիզմներ: Եվ քաղաքապետարանը կկառավարվի օրենքներով, ոչ թե Սերժ Սարգսյանի կամայականություններով:
4. Էապես կնվազի կոռուպցիան. Իշխանությունը և ընդդիմությունը կկանգնեն իրար հետ մրցելու անհրաժեշտության առաջ:
5. Քաղաքական պայքարը Հայաստանում կտեղափոխվի ավելի քաղաքակիրթ մրցակցության դաշտ, որովհետև ընդդիմությունը և իշխանությունը ստիպված են լինելու իրար հետ խոսել կոնկրետ փաստերով, և կլինի ոչ թե խոսքի, այլ գործի կռիվ:
6. Ստեղծված այս նոր համակարգում քաղաքացիները, բիզնեսը, տնտեսվարողները, ավելի ազատ շնչելու հնարավորություն կունենան: