Թվայինի և ավանդականի հակամարտությունը՝ Լոնդոնի գրքի տոնավաճառում

Ապրիլի 15-17-ը Մեծ Բրիտանիայում անցել է Լոնդոնի գրքի տոնավաճառը, որը բացում է դռները դեպի ամենամեծ` անգլալեզու գրական աշխարհ:

Աշխարհի խոշորագույն գրական ֆորումներից մեկում հավաքված պրոֆեսիոնալների ուշադրության կենտրոնում 2013թ. թվային հրատարակությունն էր, ավանդական և առցանց վաճառքի հակամարտությունն ու Random House և Penguin հրատարակչական տների առաջիկա միաձուլումը:

Երեք օրվա ընթացքում Լոնդոնի գրքի տոնավաճառը (London Book Fair, LBF) գրական ոլորտի արդի վիճակի շուրջ թեժ քննարկումների հարթակ էր: Ֆորումին մասնակցել է ավելի քան 25 հազ. պրոֆեսիոնալ, շուրջ 1500 ընկերություն՝ 60 երկրից, որոնց թվում էր նաև Հայաստանը: Հայկական տաղավարի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 15-ին:

Ի դեպ՝ տոնավաճառի թվային սեկտորի մակերեսն անցյալ տարվա համեմատ ընդլայնվել է 30%-ով: Նորույթների թվում էր Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի համաժողովը, որն առաջին անգամ է անցել այս տոնավաճառի շրջանակում: Այս տարի վերականգնվել է նաև Children’s Innovation Theatre նախագիծը, որը հրատարակիչներին թույլ է տալիս վերահայտնագործել գրագիտության տարածման ավանդական գործիքները:

Տոնավաճառի ընթացքում բանավեճեր են ընթացել թվային հրատարակության, Random House և Penguin հրատարակչական տների միաձուլման և առհասարակ համաշխարհային գրքի շուկայի վերաբեռնման շուրջ: Հենց վերջին թեմային էր նվիրված ամենամեծ քննարկումը, որը բացել է տոնավաճառի գործնական ծրագիրը: The Bookselller ամսագրի հաղորդմամբ՝ թեման ձևակերպված էր ավելի քան հստակ՝ «Amazon. թշնամի՞, թե՞ բարեկամ»: Բանավեճի ընթացքում ամենահիշարժանը թերևս Թիմ Գոդֆրեյի՝ Բրիտանիայի գրավաճառների ասոցիացիայի գործադիր տնօրենի ելույթն էր: Նրա խոսքով՝ աշխարհի խոշորագույն առցանց ռիթեյլեր Amazon-ը դուրս է մղում առցանց շուկայից մյուս խաղացողներին, ուստի մրցակցության մասին խոսք լինել չի կարող: Այսպես՝ Մեծ Բրիտանիայում գնված էլ. գրքերի 95%-ը բաժին է ընկնում Amazon-ին: Ուշագրավ է, որ քննարկման 59 մասնակից ընդունել է առցանց հսկայի դրական, 117-ը՝ բացասական ազդեցությունը ինդուստրիայի վրա:

LBF-ի նոր տնօրեն Ջեքս Թոմասն իր ելույթում խոսել է թվային տեխնոլոգիաների դարում գրքի ավանդական ֆորումների անցկացման նպատակահարմարության մասին: Նրա կարծիքով՝ ինդուստրիայում ընթացող լուրջ փոփոխությունները հաշվի առնելով՝ ինչպես երբեք կարևոր է փորձի փոխանակումը կենդանի շփման միջոցով: Առավել ևս, որ գրասերները «սոցիալական կենդանիներ են». նրանք երևի Twitter-ից են օգտվում, սակայն նրանց համար ոչ պակաս կարևոր է դեմ առ դեմ խոսել, թե ինչպես է այդ Twitter-ն օգտագործվում:

Մեկնաբանել