Աշխարհի 100 ամենաազդեցիկները՝ ըստ Time-ի

Ամերիկյան Time պարբերականը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց իր ամենամյա ցուցակը, որը ներառում է արտիստներից ու առաջնորդներից մինչև առաջամարտիկներ, տիտաններ և պաշտամունքային անձինք՝ համապատասխան ենթախմբերում։

«Տիտաններ» ենթախումբում ընդգրկված է 20 մարդ, այդ թվում՝ ամերիկացի երաժիշտ և ձեռնարկատեր Jay Z-ն, Հնդկաստանի ֆինանսների նախարար Պալանիապան Չիդամբարամը, Ռուսաստանի «Ռոսնեֆտ» նավթային պետական ընկերության նախագահ Իգոր Սեչինը, շախմատային վունդերկինդ Մագնուս Կառլսենը։

«Առաջամարտիկներ» ենթախումբը ներառում է 26 անուն, որոնց շարքում են ամերիկյան Yahoo! ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը, եգիպտացի երգիծաբան Բասեմ Յուսեֆը, Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին։

«Առաջնորդներ» ենթախմբում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդը, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Հռոմի պապ Ֆրանցիսկը և ևս 13 մարդ։

«Պաշտամունքային անձ» ենթախումբն ընդգրկում է 14 անուն, այդ թվում՝ պակիստանցի 15-ամյա ակտիվիստ Մալալա Յուսուֆզային, իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին, Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանը, Մյանմարի ընդդիմության առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին, ամերիկացի երաժիշտ Ջասթին Թիմբերլեյքը, երգչուհի Բեյոնսեն, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման։

«Արտիստներ» ենթախումբում են օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան, ամերիկացի ռեժիսյոր Սթիվեն Սփիլբերգը և ևս 13 արտիստ։

Մեկնաբանել