Nokia-ի նախկին աշխատակիցները սմարթֆոն կթողարկեն

Հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերության նախկին աշխատակիցների հիմնած Jolla Mobile ստարտափը մայիսին կներկայացնի իր առաջին հեռախոսը, հաղորդում է BusinessInsider-ը:

Jolla Mobile-ի խորհրդի նախագահ Անտի Սարնիոն հայտարարել է, որ նորույթը կունենա ժամանակակից սկանդինավյան դիզայն:

Ընկերությունը նոր սմարթֆոնի նախնական պատվերները կսկսի ընդունել մայիսի կեսին, ինչի օգնությամբ կփոխհատուցի արտադրության ֆինանսավորումը: Հայտնի է, որ գնորդները հնարավորություն կունենան ինքնուրույն ընտրել սմարթֆոնի դիզայնը:

Ակնկալվում է, որ սարքավորման արտադրությունը սկսելու համար Jolla-ն գումար կհավաքագրի կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող Kickstarter և Indiegogo ընկերությունների միջոցով:

Հիշեցնենք, որ 2011թ. մարտին Nokia-ի մի խումբ աշխատակիցներ, որոնք մասնակցել էին MeeGo բջջային հարթակի մշակման գործընթացին, հեռացան ընկերությունից և հիմնեցին Jolla ստարտափը: Նրանց թվում էր Մարկ Դիլոնը, որն ընկերությունում աշխատել էր գրեթե 11 տարի, իսկ 2006-ից զբաղեցրել էր MeeGo հարթակի մշակման գլխավոր ինժեների պաշտոնը:

Jolla-ի յուրահատկություններից մեկն այն է, որ նրա օպերացիոն համակարգը պաշտպանված կլինի արտոնագրային վեճերից, քանի որ այն կստեղծվի անկախ հարթակի հիման վրա:

2013թ. աշնանը Jolla-ն ներդրողների օգնությամբ ներգրավել էր €200 մլն` MeeGo հարթակի մշակման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, որը հետագայում վերանվանվեց Sailfish: Փորձագետների կարծիքով` Jolla-ն արտոնագրման ճանապարհով կսկսի տարածել այս հարթակը:

Մեկնաբանել