Սիրիայի հարցում Հայաստանն ավելի ակտիվ պետք է լինի

Սիվիլիթաս հիմնադրամը ապրիլի 18-ին Երևանի «Անի» հյուրանոցում քննարկում էր կազմակերպել՝ «Սիրիա. արդարություն, խաղաղություն կամ քաղաքականություն» թեմայով, որի բանախոսներն էին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և Հաագայի դատարանի միջազգային քրեական իրավունքի մասնագետ Նիկոլաս Քույումջյանը: Քննարկումը վարում էր Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:

Հարցադրմանը, թե ի՞նչ է արել Հայաստանը, ի՞նչ կարող է անել և ի՞նչ պետք է անի սիրիական խնդրում, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ Հայաստանը երկու մակարդակներով պետք է աշխատեր, մեկը՝ համայնքի, մյուսը՝ դիվանագիտական, տարածաշրջանային և նույնիսկ՝ գլոբալ ներգրավման: «Համայնքի մակարդակով, կարծում եմ՝ կառավարությունը արել է, ինչ պետք է աներ: Նրանք բոլոր սիրիահայերին, որոնք ապրում էին Սիրիայում, հնարավորություն են ընձեռել գալ Հայաստան և մնալ այստեղ, և ես կարծում եմ՝ կառավարությունը դա ճիշտ արել է: Մեր ավիաուղիները, նույնիսկ, վտանգավոր ժամանակներում, թռչում էին այնտեղ: Սա նշանակում էր՝ Սիրիական ավիաուղիների հետ միասին մենք կրեցինք այդ ռիսկը: Մեր հայրենակիցներին հնարավորություն ընձեռվեց, որ ճամփորդական փաստաթղթեր, վիզա և այլն ունենան, նույնիսկ՝ արագացվեց քաղաքացիության տրամադրելու գործընթացը»,- նշեց նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ կախված կարողություններից ու տարբերակներից՝ կարելի է միշտ ձգտել ավելիին, բայց այլ հարց է՝ հնարավոր է դա, թե ոչ:

Ավելի ակտիվ դիվանագիտություն

Ինչ վերաբերում է դիվանագիտական ճակատին, ապա նախկին արտգործնախարարի կարծիքով՝ Հայաստանը թերացել է: «Սիրիահայերը միակ փոքրմասանությունն են Սիրիայում, որ պետություն ունեն իրենց թիկունքում: Քրդերը ունեն շարժում, բայց չունեն պետություն, Սիրիայի քրիստոնյա արաբները նույնպես չունեն պետություն: Հայերի համար դա մեծ առավելություն է: Մյուս փոքրամասնությունները նախանձում են հայերին, որ գնալու տեղ ունեն: Բայց Հայաստանը՝ որպես պետություն, կարծում եմ՝ դիվանագիտական ճակատում չի արել այն, ինչ պետք է աներ»,- նշեց Օսկանյանը:

Ըստ նրա՝ քանի որ հայ համայնքի ներկայությունը Սիրիայում վտանգված է, Հայաստանը լեգիտիմորեն իրավասու է ավելի ակտիվ լինել դիվանագիտական ճակատում, ավելի շատ ներգրավվել, ավելի շատ շփումներ ունենալ Սիրիայի կառավարության, նույնիսկ՝ ընդդիմության հետ: Օսկանյանի խոսքով՝ պարտադիր չէ, որ Հայաստանը արտգործնախարարության մակարդակով շփվեր, բայց կարող էր հատուկ ներկայացուցիչ ունենալ, որը կարող էր գնալ Կատար, խոսեր ամերիկացիների հետ, գնար Մոսկվա, քանի որ Ռուսաստանը շահագրգիռ կողմ է այնտեղ: «Ես չեմ տեսել այդ փոխգործակցությունը մեր դիվանագիտության և տարածաշրջանային դիվանագիության միջև, որ նրանց հասկացնել տանք, որ հայ համայնքը վայելում է Հայաստանի կառավարության օժանդակությունը: Դա դեռ արված չէ, և ես կարծում եմ, որ հիմա պատեհ ժամանակն է մեր համայնքին պաշտպանելու համար»,- ասաց նախկին արտգործնախարարը:

Նիկոլաս Քույումջյանը նկատեց, որ Հայաստանը չկա այն 58 պետությունների թվում, որոնք միջնորդել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայի իրավիճակը ներկայացնելու Միջազգային քրեական դատարանին: «Հայաստանը դրանց շարքում չէր, և հասկանում եմ, թե ինչու. դա շատ կողմերով հակասում էր Ասադի ռեժիմի ցանկություններին և միգուցե՝ նաև ապստամբների ցանկությանը: Իմ կարծիքով՝ ապստամբների մեջ էլ կային մարդիկ, հատկապես՝ արմատականները, որ չէին ուզում՝ գործը ուղարկվեր Միջազգային դատարան: Դրան բնականաբար կողմ չէր նաև Ռուսաստանը: Ինչ-ինչ պատճառներով Հայաստանը դուրս մնաց, և դա շատ լավ է»,- նշեց Քույումջյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը և ողջ միաջգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինեն: «Այս հակամարտությունը գնալով ավելի մեծ էթնիկ ատելությամբ է համեմվում, բայց ակնհայտ է, որ երկու կողմերն էլ արտաքին օժանդակությունից են կախված, երկու կողմերն էլ դրսից զինվելու կարիք ունեն: Նրանք, ովքեր զենք են տրամադրում, պետք է հասկանան, որ երկարաժամկետ հատվածում բոլորը հակամարտությունում պարտված են լինելու, ծախսերը չափազանց մեծ են, և պետք է երկու կողմերին ճնշել, որպեսզի նրանք խաղաղություն գնան»,- նշեց Քույումջյանը՝ հավելելով, որ չի կարելի թույլ տալ, որ ամսական 6000 հոգի զոհվի ու վերջում մի կողմը հաղթի:

Նախ՝ քաղաքական լուծում

Դահլիճի ներկաներից մեկը հարց ուղղեց Վարդան Օսկանյանին. «Ենթադրենք Արաբական լիգան կամ ՄԱԿ-ը Ձեզ նշանակում է հատուկ բանագնաց, և Դուք պետք է բանակցեք Ասադի և ընդդիմության հետ, Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեին»:

«Կարծում եմ, որ միանգամից պետք է քաղաքական լուծումը դնել սեղանին, հետո նոր խնդրել զինադադար հաստատել և բանակցությունները սկսել: Քոֆի Անանի և Լախդար Բրահիմիի սխալներն այն էին, որ փորձեցին սկզբում զինադադար հաստատել ու ասել՝ եկեք խոսենք՝ ինչպիսի լուծում կլինի: Իմ կարծիքով դա հնարավոր չէ անել, որովհետև յուրաքանչյուրն ինչ-որ դիրքորոշում և կորցնելու մտահոգություն ունի: Նույնիսկ համացանցում գրեցին, որ զինադադարն ընդամենը մի քանի ժամ տևեց, և ամեն մեկը այդ պահն օգտագործեց դիրքերը ուժեղացնելու համար»,- նշեց նա՝ կրկնելով, որ կարևորը քաղաքական լուծումն է, որը պետք է հստակ լինի և որի համար որոշ մարդկային դիվանագիտություն է անհրաժեշտ:

«Այդ ամենը պետք է զուգորդվի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ներկայությամբ: Ես չգիտեմ՝ ինչու այս հարցը շատ է ձգձգվում: Սիրիական ճգնաժամի լուծման հիմնական գրավականը սրա մեջ եմ տեսնում: Քաղաքական առաջարկների հետ անհրաժեշտ է դրսից խաղաղապահ ուժեր բերել: Երբ միջազգային ուժերը ոտք դնեն Սիրիա, քաղաքական լուծումը ավելի հնարավոր կլինի»,- կարծիք հայտնեց Օսկանյանը:

Հնարավոր սցենարներ

Վարդան Օսկանյանի կարծիքով՝ չորս սցենարներ են հնարավոր Սիրիայում՝ կողմերից մեկի վճռական հաղթանակ; բանակցված լուծում; երկրի բաժանում հյուսիսում քրդերի, ծովափում՝ ալևիների և մնացյալ երկրում՝ սուննիների միջև; ստատուս քվոյի երկարատև պահպանում:

Հարցին, թե հակամարտության ավարտի նշված սցենարները ինչպես կանդրադառնան Սիրիայում գտնվող հայ համայնքի վրա և արդյոք Հայաստանի դիվանագիտական կապերը դրանցից կուժեղանա՞ն, նախկին արտգործնախարարը պատասխանեց. «Անհրաժեշտ է, որ մենք դիվանագիտորեն ավելի ներգրավված լինենք: Եթե արվում է ինչ-որ կուլիսային գործունեություն, լավ է, պետք է շարունակել, պետք է ավելի ակտիվացնել, եթե չկա՝ պետք է անպայման անել: Բայց ես համենայնդեպս դա չեմ զգում: Ինչքան ես կապեր ունեմ և ինֆորմացված եմ, այդպիսի գործընթաց չկա»: Նախկին արտգործնախարարի կարծիքով՝ Հայաստանը պարզապես հեռու է կանգել այդ բոլորից, մինչդեռ կարող է շատ ավելի ակտիվ լինել և հարկ եղած դեպքում մասնակցություն ունենալ Սիրիայի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին:

«Ես ձեզ մի օրինակ ասեմ՝ վերջերս ԵՄ ներկայացուցիչներն էին այստեղ: Եռյակ էր եկել, ես նրանց հետ առանձին հանդիպում եմ ունեցել: Նրանք արտգործնախարարներ էին և այս գործընթացներին մասնակցություն ունեին: Նրանք իմ առջև հարց էին դնում, թե ով կա, որ կարող է այդ գործընթացներին մասնակցել, որովհետև Սիրիայի մյուս փոքրամասնությունները արդեն ունեն համապատասխան ներկայացուցիչներ»,- նշեց Օսկանյանը՝ հավելելով, որ այդ մասին տեղեկացրել է համապատասխան ատյաններին:

Հայաստանի բարոյական իրավունքը

«Մենք օրինական, բարոյական իրավունք ունենք այնտեղ լինելու: Ես կուզենայի տեսնել, որ մեր արտգործնախարարը մինչև հիմա արդեն եղած լիներ Կատարում և այս հարցով հանդիպած լիներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, ինչպես նաև Լիբանանի պատասխանատուների հետ, ինչու չէ՝ նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության ղեկավարների հետ: Սա շատ օրինական է, և բոլորը դա ընդունում են: Ընդդիմության ղեկավարներն են Մոսկվա գնում»,- նշեց նախկին արտգործնախարարը՝ նկատելով, որ չի կարելի մտածել, թե սիրիական ընդդիմության հետ հանդիպումից հետո այդ երկրի կառավարությունը կարող է նեղանալ, և դրանից տուժի հայ համայնքը: «Ընդհակառակը, Սիրիայի կառավարությունն էլ կողմ կլինի դրան, որովհետև գիտի, որ հայերը համակրանք ունեն Սիրիայի նկատմամբ և կարող են դրականը տեսնել: Եվ սա կարելի է հնարավորինս բաց անել»,- նշեց նա:

Վարդան Օսկանյանի կարծիքով՝ սիրիահայ համայնքի հարցում ոչ ոք բարոյական իրավունք չունի մարդուն ասելու՝ մնա այդտեղ, չենք ուզում՝ համայնքը վերանա, ամենահին գաղութն է և այլն: Ըստ նրա՝ մարդկանց պետք է հնարավորություն տրվի թե՛ այնտեղ մնալու, թե՛ դուրս գալու: «Պետությունը բոլոր հնարավոր ճանապարհները պետք է բացի այն մարդկանց համար, ովքեր իրենց կամքով ուզում են երկիրը լքել, իսկ ովքեր իրենց կամքով որոշել են մնալ այնտեղ, պետությունը պետք է փորձի ամեն ձևով օգնել, որպեսզի նրանք կարողանան իրենց նվազագույն կենսունակությունն ապահովեն՝ սննդի, նյութական, ինչ-որ տեղ նաև անվտանգության առումով»,- ասաց նա:

Նիկոլաս Քույումջյանը նույնպես կարծիք հայտնեց, որ Հայաստանը բարոյական պարտավորություն ունի Սիրիայից եկող հայերի նկատմամբ: Ըստ նրա՝ սիրիահայերին ընդունելով՝ Հայաստանը նաև ուժեղանում է, որովհետև սիրիահայ համայնքը աշխույժ համայնք է, որը մասնակցում է երկրի զարգացմանը:

Անի Գրիգորյան