Չեխիայի խորհրդարանում բանաձևին կողմ քվեարկելուց առաջ ճիշտ կլիներ այցելել Հայաստան. Ն.Զոհրաբյան

ՀՀ ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչի, Ֆրանտիշեկ Նովոսադի և հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովանի հետ. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան:

Հանդիպման սկզբում անդրադառնալով Յան Բաուերի ակտիվ մասնակցությանը՝ Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Խոջալուի դեպքերի վերաբերյալ թիվ 219 բանաձևի ընդունմանը՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Ճիշտ կլիներ, որ նա բանաձևին կողմ քվեարկելուց առաջ այցելեր Հայաստան, որպեսզի կարողանար իրական պատկերացում ստանալ Խոջալուի դեպքերի մասին: Մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Յան Բաուերը կփորձի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների և թե Խոջալուի դեպքերի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ որպես ԵՄ անդամ՝ չեխ խորհրդարանականներին պատիվ չի բերում Ադրբեջանի նավթադոլարային քարոզչության ազդեցությամբ նման բանաձևերի ընդունումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին վերաբերող հարցեր: Չեխ խորհրդարանականներն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահից որոշակի պարզաբանումներ և մեկնաբանություններ խնդրել են մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Յան Բաուերն ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին հրավիրել են այցելել Չեխիայի խորհրդարան:

Նույն օրը Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանն ընդունել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:

Արտակ Զաքարյանը ողջունելով Չեխիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցն Ազգային ժողով` ընդգծել է, որ Չեխիան բարեկամ երկիր է և Հայաստանի հետ ունի հին, պատմական ավանդույթներ: Մշտական հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև համագործակցության զարգացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը, իսկ խորհրդարանական կապերի խորացման առումով կարևորել հանձնաժողովների փոխգործակցությունը:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին, հայ-թուրքական արձանագրություններին և Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրին:

Յան Բաուերը Հայաստանի՝ Եվրաինտեգրման ճանապարհին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը: Նա պատրաստակամություն է հայտնել փոխանցելու Եվրաինտեգրման ուղղությամբ ձեռք բերված իրենց հարուստ փորձը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը ևս կարևորել է Հայաստանի՝ Եվրամիությանն ամենասերտ ինտեգրումը:

Հանդիպման ավարտին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր երախտագիտությունը հայտնել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային՝ հայ-չեխական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելուն նպաստելու համար:

Մեկնաբանել