Կառավարությունը կրկին կգլխավորի Տիգրան Սարգսյանը

Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը՝ Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վարչապետի նշանակման հարցը քննարկելուց հետո որոշում է ընդունել այդ պաշտոնում կրկին առաջադրել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Սերժ Սարգսյանն առաջարկել է իրենց պաշտոններում թողնել նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին ՀՀԿ գրասենյակի առջև հավաքված լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը հրաժարական ներկայացրեց այս տարվա ապրիլի 9-ին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը:

ՀՀ Սահմանադրության համաձայն` նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

(Լուսանկարը՝ gov.am):