Ընդդիմադիր դաշտը Հայաստանում այլասերված է. Դ.Շահնազարյան

Գիտականորեն՝ այն քաղաքական ուժերը, որ խորհրդարանում են, բայց իշխանության մաս չեն, ընդդիմություն են. «Ա1+»-ի հյուրասարհում «ընդդիմության» մասին զրուցելիս նշեց Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա՝ որպես կանոն, բոլոր առաջադեմ պետություններում ընդդիմության ու իշխանության միջև պետք է առկա լինեն գաղափարախոսական տարբերություններ: Երկրորդ, ընդդիմությունը պիտի ունենա հստակ ծրագրեր, որ պարտադրի իշխանություններին:

«Ընդհանրապես այն քաղաքական ուժերը, որ հրաժարվում են քաղաքական բանավեճից, ես համարում եմ, մարգինալ են: Դրանք այն ուժերն են, որ գաղափարախոսություն չունեն, կամ այդ գաղափարախոսությունը իրենց համար որևէ սկզբունքային նշանակություն չունի: Հայաստանում դրանք շատ են: Սկսենք ԲՀԿ-ից. ընդդիմադիր դաշտը Հայաստանում այլասերված է հենց այն պահից, երբ օլիգարխիկ կուսակցությունն իրեն համարեց ընդդիմության դաշտի գլխավոր դերակատար»,- նշեց նա:

Ըստ Շահնազարյանի՝ գաղափարախոսությամբ ընդդիմադիր են «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն, սակայն «իրենց միշտ չէ, որ այդպես են պահում», մինչդեռ ԲՀԿ-ն պատասխանատու է իշխանության աշխատանքի և ձախողումների համար, քանի որ մինչև անցյալ տարվա մայիսը, իշխանության մաս էր կազմում: