«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի պատասխանը ՀՀ ՏԿՆ-ի պարզաբանմանը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հաղորդագրությամբ պատասխանել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը:

«Կոռուպցիոն գործերի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների տեսակետները հիմնվում են քաղաքացիների կողմից ներկայացվող հաղորդումների, հաղորդմանն առնչվող անձանց արձագանքի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վրա:

Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեպքն, ի թիվս այլոց, բացահայտվել է սփյուռքահայ ներդրող, «Վիզկոն» ընկերության հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնի կողմից, որը հանցագործության մասին հաղորդումը տվել է հեռարձակմամբ՝ արդեն իսկ գտնվելով ԱՄՆ-ում, որտեղ նա իրեն զգացել է ավելի ապահով և կարողացել է ներկայացնել իր կառուցապատման բիզնեսի պատմությունը: Հարկ է նշել, որ գործարարն իր հայտարարությունում ներկայացրել է փաստեր նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին՝ ներառելով միևնույն անիմացիոն հոլովակում նկարագրված՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեպքը:

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները որոշել են ընթացք չտալ Պավել Անդերսոնի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ պատճառաբանելով, որ տեսանյութը չի կարող դիտվել որպես պատշաճ հաղորդում: Հաշվի առնելով իրավապահ մարմինների սովորական դարձած գործելաոճը՝ կոծկել և ընթացք չտալ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ տեղ գտնող հանցագործություններին և տվյալ՝ փաստերով լի հաղորդման հետքերով ուսումնասիրություն կատարելու կամքի բացակայությունը՝ կարելի է հանգել միայն մեկ եզրակացության, որ իրավապահները խուսափել են Կենտրոնի կառուցապատման խոշոր կոռուպցիոն գործարքներին լրացուցիչ հանրային հնչեղություն տալու ռիսկից՝ դրանով նաև պաշտպանելով գործարքներում ներգրավված ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:

Ի դեպ, կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդում ներկայացրած սփյուռքահայ գործարարի դեմ նաև չեն ներկայացվել զրպարտության մեղադրանքով դատական հայցեր նրա կողմից հիշատակված անձանց, այդ թվում և Արմեն Գևորգյանի կողմից, ինչից կարելի է ենթադրել, որ նկարագրված դեպքերը համապատասխանում են իրականությանը: Հակառակ դեպքում, կարծում ենք, որ Պավել Անդերսոնի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման մեջ մատնանշված պաշտոնատար անձինք պետք է հոգ տանեն իրենց վարկաբեկման մասին և դիմեն համապատասխան մարմիններին»,- նշել է ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՏԿՆ Արմեն Գևորգյանը պարզաբանում էր տարածել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՀԿ-ի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի ներկայացրած «Օպերացիա «Ինքնամաքրում». կոռումպացված պաշտոնյաները» տեսանյութի կապակցությամբ: