Երևանում ապրելը պիտի լինի առողջարար և հաճելի. Մ.Շահգելդյան

Երևանի ընտրությունները քաղաքային ընտրություններ են՝ ոչ քաղաքական. նշեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում: «Սրանք Երևանի կառավարման ընտրություններ են»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ՀՀ օրենքով նախատեսված չէ մունիցիպալ ոստիկանություն: «Եթե մենք սկսենք նման ծրագրեր առաջ քաշել, ամեն բան խառնվելու է իրար»,- նշեց Շահգելդյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հետևություններ է արել ՕԵԿ-ը անցյալ ընտրություններում անհրաժեշտ նվազագույն քվեները չհավաքելուց հետո՝ նա ասաց. «Մեր դիրքորոշումները հստակ են, և թեպետ մենք արեցինք որոշ հետևություններ, բայց դրանցով մեր սկզբունքային դիրքորոշումների ճշմարտացիությունը միայն հաստատվեց»:

ՕԵԿ-ն առաջարկում է, որ Երևանի ամեն քաղաքացի կարողանա իր կարծիքն անմիջականորեն արտահայտել: «Առաջին հերթին պետք է ձևավորվի խորհրդակցական մարմին, որտեղ լինեն մտավորականներ, որը կբերի մասնագիտական կարծիք: Երկրորդ, լսումների միջոցով պետք է ուսումնասիրել հանրային կարծիքը: Լայն հասարակության հետ պետք է անմիջականորեն շփվի ավագանին»,- նշեց նա:

Մհեր Շահգելդյանի խոսքով՝ ՕԵԿ-ն առաջարկում է սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ էժան բնակարանները առանց տոկոսադրույքների պետք է տրվեն երևանցիներին:

«Երևանում բավական մեծ է մանր ու միջին բիզնեսի պոտենցիալը: ՕԵԿ-ն, օրինակ, ազգային ժողովում հանդես է եկել սուպերմարկետների կարգավորման օրինագծով, քանի որ սուպերմարկետների չկարգավորված շատացումը բերում է մանր խանութների փակմանը: Նաև, մենք ասում ենք, Երևանը պետք է ապակենտրոնականացնել»,- նշեց նա:

Էկոլոգիական խնդիրները ևս, ըստ Շահգելդյանի, առաջնային են իրենց ծրագրերում: Երևանի շուրջ, ըստ նրա, հարկ է ստեղծել պահպանիչ անտառաշերտ, վերադառնալ կանաչ ճարտարապետությանը, ինչպես նաև՝ խիստ պակասեցնել Երևանի կենտրոնի կառուցապատումը: «Պիտի կարողանանք այնպես անել, որ Երևանում ապրելը լինի և առողջարար, և հաճելի»,- ասաց նա:

Շահգելդյանը վստահ է, որ ընտրությունների արդարության ապահովումը մեծապես կախված է հանձնաժողովների ներկայացուցիչներից: «Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի մեր թեկնածուն Արմեն Երիցյանն է, ով էությամբ երևանցի է, փորձ ունեցող, մարդկանց հետ հարաբերությունները կառուցելու հմտություն ունեցող: Մեր թիմն էլ մրցունակ է և մարտունակ: Մեր ժողովուրդն էլ հոգնել է կեղտ շպրտողներից, ուզում է լսել, թե կոնկրետ հարցերն ինչպես են կոնկրետ լուծվելու»,- ասաց նա:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել